Այսօր Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Այսօր հանճարեղ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է :

Նա ծնվել է 1880 թ. փետրվարի 28-ին Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով): Լինելով ընտանիքի 9 երեխաներից մեկը, փոքրիկ Մարտիրոսը դեռ փոքրուց ունակ էր տեսնելու և զգալու շրջապատի գեղեցկությունը:

Ինքնուրույն ոճ ունեցող վարպետը հաճախ է ճանապարհորդել, ինչպես ինքն էր նշում, իր արվեստում չկրկնվելու և բարձր որակի կտավներ ստեղծելու համար:

Մեծ վարպետը վախճանվել է Երևանում, 1972 թվականի մայիսի 5-ին: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Սարյանի տուն-թանգարանը բացվել է 1967 թվականին Երևանում, այստեղ պահվում է նրա ստեղծագործական ժառանգության զգալի մասը։

Սարյանի մտքերից

  • Առանց հայրենիքի, առանց հայրենիքի հանդեպ սիրո մարդը չի կարող գտնել ինքն իրեն, նա չի կարող գտնել իր հոգին:
  • Ես իմ կյանքի ամենադժվար տարիներն էի ապրում. այդքան բազմազան ոճերի մեջ ես ամեն բան պետք է անեի, որ ունենայի իմ սեփականը: 
  • 1904 թ. ես սկսեցի ստեղծագործել, իսկապես ստեղծագործել: Իմ նկարները իրականության և ֆանտաստիկայի արդյունք էին. իրականություն, քանի որ ես նկարում էի, այն ինչից տպավորվել էի և տեսել ճամփորդելուս ընթացքում, և ֆանտաստիկա, քանի որ ես տեսածս համապատասխանեցնում էի երևակայությանս: 
  • Ուղեկցիս գյուղում էինք: Քայլում էինք նեղլիկ փողոցներով: Փոքրիկ տնակների պատերին ստվերներ էին ձգել արմավենիները: Դա մի հրաշք էր գույների և ձևերի իր նրբություններով: Հենց այդ տպավորությամբ էլ նկարել եմ «Գիշերային բնանկար: Եգիպտոս» աշխատանքը: 
  • Ինձ չի բավարարում այն, ինչ ես անում եմ, ձգտում եմ ստեղծագործական առավել պարզության, որպեսզի մարդիկ նայելով իմ նկարին՝ իրենց զգան այնպես, ասես դուրս են եկել մաքուր օդի և ուրախություն են շնչում: Եթե նկարը չի հուզում և բարի մղումներ չի հարուցում մարդու մեջ, ուրեմն չունի գլխավորը` կյանքի հավերժական շունչը: Ես ձգտում եմ հաղորդել ապրելու երջանկության զգացումը:
  • Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով