Ցավալի լուր, կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը

Այսօր, հոկտեմբերի 1-ին, կյանքից հեռացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան): ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅԸ 94 տարեկան էր:

Շառլ Ազնավուրը ծնվել է  հայ ընտանիքում, 1924 թվականի մայիսի 22-ին, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա: Նրա հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:
Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:
Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով:
Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ:
Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը:
Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:
1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ:
Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում): 
1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: 
Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: 
Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Շանսոնյեի ամենահետաքրքիր մտքերը տեղադրել ենք նաև մեր կայքում:

Մայրենի լեզվի մասին

Ես ինձ իհարկե հայ եմ զգում, քանի որ հայկական ընտանիքում եմ մեծացել, բայց առաջին բառերս ֆրանսերեն են հնչել: Հետագայում արդեն ես, քույրս և աղջիկս հայերեն սովորեցինք: Ես լավ խոսում, բայց ո՛չ գրում եմ, ո՛չ էլ կարդում հայերեն: Հոգ չէ: Վերջիվերջո իմ նախնիները, ովքեր դպրոց չեն հաճախել, դրանից ավելի վատ հայեր չեն եղել: Իսկ ո՞վ ասաց, թե լեզուն գոյություն ունի միայն գրքերում:

Փարիզի մասին

Դա այն քաղաքն է, որտեղ ես ծնվել եմ, մեծացել և հանրահայտ դարձել: Փարիզն ինձ դաստիարակել է, բայց գալիս է մի պահ, երբ այլևս չես կարող «ծնողներիդ» հետ ապրել: Մի տարիք է գալիս, երբ քաղաքի ու ամբոխների փոխարեն ուզում ես բնություն տեսնել: Փարիզյան հուշարձանները հրաշալի են, բայց բնությունը պակաս ուշագրավ է: Փոխարենն իմ պատուհանից երևում են գեղեցիկ ձիթենիները: Մոխրագույնը ես փոխել եմ կանաչով:

Նախագահների մասին

Իմ օրոք եղած Ֆրանսիայի բոլոր նախագահները ինձ հարազատի պես էին ընդունում և միշտ էլ հաճելի էր նրանց հետ շփվելը: Բոլորն էլ լուրջ, գիտակ մարդիկ էին. մեկը Պոմպիդուն հանրագիտարանի պես էր, ես նրա կողքին ինձ անգրագետ էի զգում: Երբեք չեմ օգտվել նախագահների հետ իմ մտերմությունից, ինչի համար էլ հպարտանում եմ:

Ամուսնության մասին

Ինչպես գոյատևի օտար ներգաղթյալն այնպիսի երկրում, ինչպիսին Ֆրանսիան է: Սիրահարվե՛լ և ամուսնանա՛լ նրա հետ: Իսկ հետո, ինչպես յուրաքանչյուր զույգի մոտ, սիրել քո երկրորդ կեսին և անել ամեն ինչ, որպեսզի նա էլ քեզ սիրի:

Հանրահայտության մասին

Եթե դու ընտրում ես դերասանի, երգչի, կատակերգուի մասնագիտությունը, ապա թող բոլորն էլ քեզ իմանան: Թող քննարկեն քո հագուստը կամ ընկերուհիներին: Նա, ով բեմ է բարձրանում, պետք է պատրաստ լինի այն բանին, որ իր մասին ամեն ինչ հայտնի է դառնալու: Չէ՞ որ դու այդ ամենը միայն հաց վաստակելու համար չես անում, ինքդ էլ ուզում ես, որ քեզ ճանաչեն, սիրեն կամ ատեն, որ քո փոքրիկ կյանքը բոլորին հետաքրքրիր դառնա:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով