• 24 հուլիս, 2021
     Թամարա Ավանեսյան, բիզնես էթիկայի մասնագետ, թրեյներ

    Թամարա Ավանեսյան, բիզնես էթիկայի մասնագետ, թրեյներ

    Այսօրվա մեր հյուրը Թամարա Ավանեսյանն է, մասնագիտությամբ իրավաբան, հաշվապահ, բիզնես էթիկայի ոլորտում թրեյներ և սույն ոլորտի երեք գրքերի՝ «Գործարար Էթիկա», «Գործարար Էթիկայի հիմունքներ», «Բիզնես էթիկայի պարզ արվեստը» հեղինակ:

    2011թ.-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, հանդիսանում է՝ «ԼիԹա» ՍՊԸ-ի համահիմնադիր, «Ինսայթս35» ՍՊԸ-ի հիմնադիր, «Akademikka Training Institute»-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, ավարտել է՝ «Chicago-Kent College of Law»-ի բիզնես իրավաբանության բաժինը:

    Սովորել է նաև էթիկայի դպրոցում: Ընտրել է գործարար էթիկան, քանի որ ինքն էլ առնչվում է գործարար միջավայրին, ունի իր սեփական իրավաբանական և հաշվապահական գրասենյակը:

    Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը:

    - Բարև Ձեզ սիրելի Թամարա, ի՞նչ գիտենք էթիկայի մասին, ինչո՞վ են առանձնանում բիզնես էթիկայի հիմունքները: Որքանո՞վ են դրանք կիրառվում հայաստանյան գործարար միջավայրում:

    - Թե բիզնես էթիկայի, թե ընդհանուր էթիկայի կանոնները հիմնականում նույնն են ու անփոփոխ: Թեև բիզնես էթիկան պահանջում է ավելի խիստ կանոններ` սկսած հագուկապից, արտաքին տեսքից։ Կան որոշակի տարբերություններ` կապված տվյալ երկրի մենթալիտետի, կրոնական ու ազգային առանձնահատկությունների հետ: Ուստի, եթե գործ ենք ունենալու արտասահմանյան ընկերությունների հետ կամ մեկնելու ենք այլ երկիր, պետք է նախապես ուսումնասիրենք նրանց կանոնները և կիրառենք դրանք: Մեզ հյուր եկած գործարարներն իրենց հերթին պետք է հարաբերվեն հայկական գործարար միջավայրում ամրագրված կանոններով:
    Սակայն հենց այս կետում նկատելի է ոլորտի բացը: Զրուցակցիս խոսքով` մեզ մոտ գործարար ոլորտը բավականաչափ զարգացած չէ, բիզնես էթիկայի կանոնները գրեթե չեն կիրառվում, առանձնապես լուրջ էլ չեն վերաբերվում դրանց:
    Չնայած` վերջին տարիներին վերաբերմունքը փոխվել է: Մեծ արձագանք են գտնում բիզնես էթիկայի վերաբերյալ պարբերաբար անցկացվող վարպետության դասերը: Շատերն էլ բիզես էթիկային հետևում են համանուն ֆեյսբուքյան էջից:
    Էթիկայի կանոնները խախտվում են ոչ միայն գործարար միջավայրում: Զրուցակիցս նկատում է, որ հասարակական տրանսպորտում, փողոցում, ամեն քայլափոխի էթիկայի խախտում կա: Հասարակական տրանսպորտում հեռախոսով խոսելը, հաց ուտելը, փողոցում արևածաղիկ չրթելը անընդունելի երևույթներ են ու մեզանում շատ տարածված:

    - Երբ մեր համաքաղաքացիները երթևեկում են իրար գլխի լցված, միկրոավտոբուսներում` նաև կռացած, սա արդյո՞ք էթիկայի պարտադրված խախտում չէ:
    - Այո, խախտում է, զարգացած երկրներում, երբ նստատեղերի թիվը լրանում է, երթուղային ավտոբուսը շարժվում է, կանգնած մարդ չի լինում:

    - Իսկ ինչպիսի՞ն է պատկերը մեր կյանքի անբաժանելի մաս դարձած սոցցանցերում:
    - Այստեղ նույնպես խախտվում են էթիկայի նորմերը, սկսած նրանից, որ կարող են օգտատերերին նշել գովազդային հրապարակման մեջ` առանց թույլտվություն ստանալու:
    Սոցցանցերի դերը, օգտագործման կերպը հաճախ ճիշտ չեն ընկալվում, դրա համար էլ մեծամասնությունը լուրջ չի վերաբերվում դրանց:

    - Ի՞նչ է տալիս հանրությանը ամենամեծ մասսայականություն վայելող զանգվածային լրատվամիջոցը` հեռուստատեսությունը, հավատարիմ իր կրթական - դաստիարակչական գործառույթին:
    - Եթերը ողողած սերիալները, հեռուստաշոուները ոչ մի լավ բան չեն սովորեցնում: Էթիկայի վերաբերյալ մեկ-երկու հաղորդումներ կային, չգիտեմ ինչու` փակեցին: Մինչդեռ անհրաժեշտ է համապատասխան հաղորդաշարերի, տեսահոլովակների միջոցով բացատրել մարդկանց, թե ինչպես կարող են դրսևորել իրենց այս կամ այն միջավայրում կամ իրավիճակում։ Հաճախ մեր ուսանողները կանոններին չտիրապետելու պատճառով աշխատանքի ընդունվելիս տուժում են, չեն կարողանում ճիշտ ներկայացնել իրենց, անգամ ճիշտ ինքնակենսագրական գրել չգիտեն:
    Համալսարանում բարոյագիտություն են սովորեցնում` զուտ փիլիսոփայության տեսանկյունից, գործնական պարապմունքեր չեն անցկացվում: Երիտասարդները բացը լրացնում են թրեյնինգներին մասնակցելու, համապատասխան գրականություն ընթերցելու միջոցով: Առայժմ դրանք անցկացվում են Երևանում, բայց մենք նպատակ ունենք նաև մարզերում աշխատելու, մանավանդ որ մարզերում անհամեմատ շատ է բացը: Անհրաժեշտ գրականություն չկա, դասընթացների մասնակցելը կապված է դժվարությունների հետ:

    - Որո՞նք են գործարար էթիկայի վերաբերյալ ամենից շատ տրվող հարցերը:
    - Պարզվում է՝ երիտասարդներին շատ են հետաքրքրում հեռախոսազրույցի, նամակագրության հետ կապված հարցերը, հետաքրքրում են նաև, թե ինչպե՞ս պետք է հագնվել աշխատանքի ընդունվելու հարցազրույցների ժամանակ, ի՞նչ հարցեր տալ, ի՞նչ հարցեր չտալ և այլն:
    Եվս մեկ հետաքրքիր դիտարկում, գործարար կնոջ հաջողություններին Հայաստանում նորմալ են վերաբերվում, բայց եթե արտասահմանում կին և տղամարդ գործարարները հավասար հարթակում են հարաբերվում, ապա մեզանում անհամեմատ հարգանքով են վերաբերվում կնոջը, հարկ եղած դեպքում ընդառաջում են։ Իմ կարծիքով` տարբերություն պետք է լինի։ Կինը պետք է ցանկացած պարագայում պահպանի իր կանացիությունը: Աշխարհում մեծ թիվ են հաջողակ կին գործարարները, բայց չմոռանանք, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու թիկունքում խելացի կին է կանգնած:
    - Շնորհակալություն գեղցիկ և ինֆորմացիոն զրույցի համար։ Մաղթում ենք Ձեզ բազում հաջողություններ․․․


    Վարդուհի Հովսեփյան, մանկավարժ, լոգոպեդ,  «Աստղիկ զարգացման կենտրոնի» հիմնադիր

    Վարդուհի Հովսեփյան, մանկավարժ, լոգոպեդ, «Աստղիկ զարգացման կենտրոնի» հիմնադիր

    Նախորդը

    Անի Նալբանդյան, Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, Յոգայի ուսուցչուհի

    Անի Նալբանդյան, Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, Յոգայի ուսուցչուհի

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: