• 28 սեպտեմբեր, 2022
     Քաղաքամայր Անի

    Քաղաքամայր Անի

    Անի, քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում։ Կառուցվել է Ախուրյան և Անի (Ալաջա) գետերի միախառնման վայրում, կիրճերով պաշտպանված եռանկյունաձև հրվանդանին, բարձրությունը ծովի մակերևույթից 1500 մետր է, ուր արևելքից և հյուսիս-արևելքից Ախուրյանի կիրճն է և Գայլաձորը, արևմուտքից և հյուսիս-արևմուտքից՝ Անիձորը, Բագնայրաձորը, Ծաղկոցաձորը և Իգաձորը։ Բնական պաշտպանությունից զուրկ է միայն հրվանդանի հյուսիսային մասը։ 

    Տեղանքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, մերձակայքում պահպանվել են կիկլոպյան շարի մնացորդներ, մ․թ․ա․ VIII-VII դդ․ դամբարանադաշտը։ 

    Մատենագրության մեջ Անին առաջին անգամ հիշատակվում է V դ․ (Եղիշե, Ղազար Փարպեցի), որպես Կամսարականների ամրոց։ 

    VIII դարի վերջին իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցի հետ։  IX դարի վերջում Անին արդեն եղել է գյուղաքաղաք։ 

    961 թվականին Բագրատունիներն արքունիքը Կարսից փոխադրել են Անի և այն հռչակել մայրաքաղաք։ 

    Դվին-Տրապիզոն առևտրական խոշոր ճանապարհի վրա գտնվող Անին արագորեն մեծացել և բարգավաճել է, առավելապես զարգացել է Գագիկ Ա-ի օրոք՝ 989-1020 թվականներին։ 

    «ԱՆԻ. Գագիկ Ա թագավորի արձանը»

     

    Անին առևտրական կապեր է ունեցել արևմուտքի և արևելքի բազմաթիվ երկրների հետ։

    XI դարում եղել է առևտրական և արհեստավորչական համքարություններ ունեցող հռչակավոր քաղաք։ 

    Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև գահակալական պայքարի ու ներքին երկպառակությունների հետևանքով Բագրատունիների թագավորությունը թուլացել է։ Երկյուղելով բյուզանդական բանակի ներխուժումից՝ թուլակամ և անժառանգ Հովհաննես-Սմբատը 1023 թվականին Անին՝ մերձակայքով, կտակել է Բյուզանդիային։ 

    Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի մահից հետո, երբ Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսն ու Վեստ Սարգիս իշխանը բյուզանդական արքունիքի հարկադրանքով փորձել են հանձնել Անին, հանդիպել են հայրենասեր ուժերի հուժկու դիմադրությանը։ 

    Սպարապետ Վահրամ Պահլավունու ջանքերով 1043 թվականին Հայոց թագավոր է հռչակվել պատանի Գագիկ Բ թագավորը։ 

    1043-44-ին բյուզանդիայի զորքերը քանիցս պաշարել են Անին, սակայն հայկական զորքերի և աշխարհազորի հերոսական դիմադրության շնորհիվ Անին մնացել է անառիկ։

    1045 թվականին բյուզանդական զորքերը քաղաքը նվաճել են խարդախությամբ՝ Գագիկ Բ-ի ուխտադրուժ ձերբակալումից և Վահրամ Պահլավունու զոհվելուց հետո։ 

    1064-ին Անին գրավել են սելջուկյան թուրքերը։

    1072-1199 թվականներին Անին տրել է (ընդմիջումներով) քրդական ծագում ունեցող Շադդադյան ամիրայությունը, որն անկման եզրին է հասցրել քաղաքի տնտեսությունը և մշակութային կյանքը։ 

    Հայ-վրացական զորքերը մի քանի անգամ (1124, 1161, 1174) կարճ ժամանակով ազատագրել են Անին։

    1199-ին Անին վերջնականապես անցել է Զաքարյաններին և դարձել նրանց իշխանապետության կենտրոնը։ Նորոգվել են բերդապարիսպները, կամուրջները, կառուցվել աշխարհիկ և եկեղեցիական բազմաթիվ շինություններ, զարգացում է ապրել տնտեսությունը և մշակութային կյանքը։ Պատմիչներն այդ ժամանակաշրջանի Անին հիշատակում են որպես «մեծ», «տիեզերական», «քաղաքամայր»։ Քաղաքը կառավարել է ավագների խորհուրդը՝ քաղաքապետի (ամիրայից ամիրա կամ ամիրապետ) գլխավորությամբ։ Առևտրավաշխառական նոր խավի ներկայացուցիչները (մեծատունները) ևս զբաղեցրել են վարչական, տնտեսական և զինվորական պաշտոններ։ 

    Անին եղել է արհեստագործության խոշոր կենտրոն, որի փողոցներում ու թաղերում, ըստ համքարությունների, կենտրոնացվել են որոշակի արտադրանք տվող արհեստանոցներ։ Բարձր զարգացման են հասել մետաղագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, մանածագործությունը, դերձակությունը, կաշեգործությունը, ներկարարությունը, որմնադրությունը, քարակոփությունը և այլն։
    IX-XIII դդ․ Անին եղել է գիտության և մշակութային կենտրոն, ուր գործել են բազմաթիվ դպրոցներ, գրչատներ։ Հռչակավոր է եղել Անիի բարձրագույն դպրոցը (XI-XIIIդդ․), որտեղ տարբեր ժամանակներում դասավանդել են Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Մխիթար Անեցին և ուրիշներ։  Անիում ստեղծվել են մատենագիր երկեր, ընդօրինակվել նախորդ դարերի ձեռագրեր։ Անիում հայտնաբերված (մոտ 250) վիմագիր արձանագրությունները բացառիկ նշանակություն ունեն միջնադարյան Հայաստանի քաղաքական և տնեսական պատմության, մշակույթի ուսումնասիրման համար։ 

     

     

     

     

     

    Նյութի աղբյուրը՝ Հայկական Համառոտ Հանրագիտարան

    Անկախ Սյունիք 1920թ․

    Անկախ Սյունիք 1920թ․

    Նախորդը

    Լուսավորչի քամին

    Լուսավորչի քամին

    Հաջորդը

    Մեկնաբանել