• 16 հունիս, 2021
    Պատերազմից այն կողմ

    Պատերազմից այն կողմ

    Հայրս է։ Բռնել է եղբորս ձեռքը։ Որ անգամ քնի մեջ պաշտպանի։ 24 ժամվա մեջ եթե 1-2 ժամ քնել լինում էր…
    Հայրս է։ Սեպտեմբերի 27-ին մայրս տեսավ նրան լաց լինելիս։ Պատերազմ է։ Եղբայրս՝ առաջնագծին։ Կապ չկա։
    Առաջին ավտոբուսով բոլորից, բացի մորիցս, գաղտնի գնաց Արցախ։ Ինքը պիտի կռվի նույն դաշտում, ինչ տղան։


    Հայրս է։ Հասավ տեղ ու ամեն բան արեց, որ անմիջապես հասնի առաջնագիծ։ Բայց ասաց, որ եթե անգամ կապ լինի, եղբորս չասեն։ Գնաց այնտեղ, որտեղից կարող էր միանալ մերոնց, ում թիկունքը պահում էին եղբայրս ու մյուս քաջերը։
    Հետո հիվանդացավ, արդեն չէր կարողանում դիրքավորվել, ուտել, ցավից քնել։ Եկավ հետ, վիրահատվեց։ Միայն եղբայրս էր ուժով կարողացել տուն ուղարկել… Այն էլ ճանապարհին ընկերները հազիվ են տուն հասցրել, ուզում էր հետ գնալ՝ տղայի մոտ։ Բայց եղբայրս համոզել էր. «Սա քո պատերազմը չի, ես ավելի մեծ վտանգի մեջ կլինեմ, եթե անընդհատ մտածեմ, որ չեմ կարողանա ԱԹՍ-ի հերթական հարվածի ժամանակ պատսպարել քեզ։ Ես ջահել եմ, առողջ, դու էլ ինձ առողջ ես պետք»։ Համոզեց։
    Եղբայրս է։ 19 տարեկան։ Դեռ չգիտի՝ ինչ է ուզում դառնալ, բայց գիտի, որ ինչ խելահեղ գործ էլ բռնի, հայրս կողքին է։
    Եղբայրս է։ Փոքրուց մասնակցում էր հրաձգային մրցումների, իսկ 2016-ի ապրիլին ընկերների հետ դիմել էր Կոմանդոսին, որ կամավորագրեն իրենց։ Կոմանդոսը ժպիտով ասել էր՝ մեծանան, լավ սովորեն, իրենց ծառայության օրն էլ կգա։
    Եկավ։ Եղբայրս մեկնեց ծառայության ու մյուս մեր լույս տղաների հետ ապացուցեց, որ մեծացել է ու հիմա հերոս լինելու իր ժամանակն է։
    Հայրս ու եղբայրս գտան իրար մարտի դաշտում՝ փրկելով ու փրկվելով։ Բայց ամբողջ այդ պատմությունը կգրեմ, երբ այս երկուսին պինդ գրկեմ, թեյ պատրաստեմ պիրոգով ու նստեմ լսեմ, թե ոնց էր պատերազմից այն կողմ հայրն իր որդու քունը հսկում։ Մինչ այդ եղբայրս էլ կսկսի սահուն խոսել, կվերագտնի ուժերը և երբ պատրաստ կլինի, կպատմի իր պատմությունը։ Եթե ցանկանա։ Եթե պատրաստ լինի։
    _______________________________________
    ՀԳ. Պատերազմը կանգ առավ, բայց չավարտվեց։ Սա գրել էի հոկտեմբերին։ Այս պատերազմում մարդիկ, մեր տղաները կռվում էին անմարդկային զենքերի դեմ։ Կանգնած էին երկնքից թափվող կրակի դեմ։ Այս տղաները, մարտի դաշտում գեթ մեկ օր անցկացրած կամավորն ինձ համար հերոս է։ Ու նրանք չեն պարտվել։ Իմ եղբայրն ու հայրը ու նկարի 19 տարեկան մյուս տղան էլ պարտված չեն։ Այս լուսանկարն արած տղայի հայրն էլ, որ էլի որդուն էր հասել։ Ու այսօր ինձ համար ամենադժվարը մարդկանց հետ շփվելն է, որովհետև կան մարդիկ, որ այս տղաներին ու նրանց ծնողներին սև-սպիտակ են արել։ Որ արժեզրկում են իրենց կռվածը՝ մեկ օր ԱԹՍ կամ Սմերչի տակ չկանգնելով՝ զուտ իրենց արդար պահանջի կամ բողոքի համար։ Եղբայրս ու հայրս իմն են, ու մինչ այսօր պատերազմը դեռ մեր տանն է։ Ու մեզ նման ընտանիքները հազարավոր են։ Հազարավոր են էլ ավելի ծանր դրության մեջ ընտանիքները, որ չգիտեն՝ ուր են իրենց թանկերը կամ էլ գիտեն ու չգիտեն՝ ոնց հետ բերել, օգնել։ Դրա համար կիսվում եմ այսօր ամենախորը ապրումներով, որ խնդրեմ ավելի հանդուրժող ու սիրող լինել, վերջապես հասկանալ, որ քաղաքականությունից այս կողմ կյանքեր են, ընտանիքներ, 18-20 տարեկան երեխաներ, որ այլևս նախկինը չեն լինի, տուն և ամուսին կորցրած մարդիկ, որ չգիտեն՝ մի տարի հետո ուր են լինելու, ինչպես են ապրելու։ Հասկանանք վերջապես, որ դեմոկրատիայի հիմքում մարդիկ են՝ դեմոսը՝ ժողովուրդը, որը մենք ենք։ Այսքանը։ Խոնարհվում եմ բոլոր զինվորների ու իրենց ընտանիքների առջև։

     

    Հեղինակ՝ Astgh Nadiryan

    Հայկ Աղաջանյան. Արթուրը նույնիսկ քարով էր խփում ինձ, որ չքնեմ

    Հայկ Աղաջանյան. Արթուրը նույնիսկ քարով էր խփում ինձ, որ չքնեմ

    Նախորդը

    Խաղաղ օրերին զորամասի զամպալիտը`փոխգնդապետ Բաղդասարյան

    Խաղաղ օրերին զորամասի զամպալիտը`փոխգնդապետ Բաղդասարյան

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: