• 24 մարտ, 2023
     Խաղաղ օրերին զորամասի զամպալիտը`փոխգնդապետ Բաղդասարյան

    Խաղաղ օրերին զորամասի զամպալիտը`փոխգնդապետ Բաղդասարյան

    Իմ աջ կողմում`փոխգնդապետ Բաղդասարյանն է: Խաղաղ օրերին զորամասի զամպալիտը: Կռվում` իր ուղղության հրամանատարն ու զինվորի ընկերը: Երկու տասնամյակից ավելի է խրամատում է, ասելն ու լսելը մի քանի վայրկյանի տևողություն ունի. ծառայելը` քսան և ավելի տարիներ:
    Վերջին անգամ պատերազմի օրերին եմ հանդիպել, Արցախի ճակատային առաջնագծում, հենակետում էր ապրում, այնտեղ էր գիշերում: Փառք իրեն, այսօր մեր կողքին է: Գրառումը` որդու մասին է:
    Երևի հոր զինծառայությունն ու քառորդդարյա առաքելությունն իր ամբողջ պարտքը չէր: Որդու կյանքն էր: Հայրը Ասկերանի, Ակնայի դիրքերում էր, որդին` Հադրութում: Ռոբերտը զոհվեց: Զոհվեց հայրենիքը պահելով, զոհվեց Ֆիզուլիի ու Հադրութի առաջին գծում կռիվ տալով:
    Ու կռվի ամենաթեժ օրերին, հերթական գործողությունից հետո, Բաղդասարյանը լուրն առնելուն պես ու ցավը ծանրացնելով ուսերին, բացակայեց իր զորքից ընդամենը մեկ օր: Հերոս որդուն հողին հանձնեց, կրկին շարունակեց կռիվը: Խոսքերն այս դեպքերում ուժը կորցրած պետք է ճանաչել, ի՞նչ խոսել: Հրամանատարը մեկ օր անց` խրամատում էր ու մինչև վերջին օրը զինվորից չհեռացավ, իր որդիներից չհեռացավ: Կարող էր չվերադառնալ մարտի, հորդորել էին չգալ: Գոնե մի քանի օր հաղթահարել ցավն ու կսկիծը: Բաղդասարյանն իր ամենամեծ ցավը լռեցրեց անմիջապես` զենքը ձեռքին խնդիր կատարելով:


    Հայի այս տեսակին հակիրճ շնորհակալ լինելը ժուժկալություն է, գենից հեռանալու քողարկված հնարավորություն: Նրան, այսպիսի տղաներին ամեն օր հիշել է պետք, ամեն օր ու յուրաքանչյուրին պատմել է պետք, նրանց մասին վավերագրել է պետք ու փոխանցել է պետք: Նրանց` մեծարել ու նրանցից սովորել է պետք: Հայրենիքը, նրանց պես, սիրել է պետք:
    Հուլիսին արված այս լուսանկարն ինձ կրկնակի է ցավեցնում, այս խաչից իմ հեռավորությունն է ցավեցնում, Վանքասարին մոտենալու անհնարինությունն է ցավեցնում: Հրամանատարն ինձ ուղեկցեց այստեղ, այս բարձունք, աղոթքի ու նվիրումի:
    Այս իրականության հետ որևէ կերպ և որևէ ժամի համակերպվել չի ստացվում: Վանքասարն այսօր խոցված է, ինչպես հրամանատարը, ինչպես` մենք:
    Փոխգնդապետ Բաղդասարյան, ազգդ քեզ ճանաչելու է, որդուդ ճանաչելու է, որդուդ ու հողիդ կորուստը ցասման է վերածելու:
    Իրական հերոս,
    Պատիվ ունեմ:

    Հեղինակ՝ David Davtyan

     

    Պատերազմից այն կողմ

    Պատերազմից այն կողմ

    Նախորդը

    Վահան Թաթոսյան, 44 օր պատերազմի թեժ կետերում

    Վահան Թաթոսյան, 44 օր պատերազմի թեժ կետերում

    Հաջորդը

    Մեկնաբանել