• 05 օգոստոս, 2021
     Կարևոր չէ՝ մարդն ինչքան կապրի, կարևորը՝ որակով ապրի,- Էմիլ Մարտիրոսյան

    Կարևոր չէ՝ մարդն ինչքան կապրի, կարևորը՝ որակով ապրի,- Էմիլ Մարտիրոսյան

    ԱՆՄԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՑՎՈՒՄ

    - Էմիլը կրկնում էր՝ կարևոր չէ՝ մարդն ինչքան կապրի, կարևորը՝ որակով ապրի,- քույրն ու ընկերը՝ նահատակված Էմիլ Մարտիրոսյանի մասին
    Շատ բարի էր, կարեկցող, միևնույն ժամանակ շատ հպարտ էր, երբեք լիարժեք չէր ծիծաղում, միշտ քմծիծաղով էր արտահայտվում: Ընկերները պատմում են՝ հարցնում էինք՝ ոնց ենք քեզ դիմելու ավարտելուց հետո, թաքնված հպարտ ժպիտով պատասխանում էր՝ Էմիլ Սուրենիչ. հպարտ էր, որ բժիշկ է դառնալու, խելագարվում էր իր ընտրած մասնագիտության համար: Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Էմիլ Մարտիրոսյանի քույրը՝ Մարիամ Մարտիրոսյանը:

    «Ընտանիքում երեք երեխա ենք՝ երկու քույր, մեկ եղբայր, Էմիլս տան միակ տղան էր ու մեր փոքրը, ինձնից և քույրիկիցս 10 և 8 տարվա տարբերությամբ էր ծնվել՝ 2001 թվականի հոկտեմբերի 19-ին: Անընդհատ կարդում էր, այնքան երազանքներ ուներ, այնքան կյանքի պլաններ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետն էր ընդունվել ու շատ լավ էր սովորում: Մեծ քույրն էլ է ստոմատոլոգ և իր համար օրինակ էր: Էմիլը շատ էր ուզում համալսարանն ավարտել, հետո բանակ գնալ, որ բժիշկ աշխատեր, ասում էր՝ այդպես ավելի պիտանի կլինեմ»,- պատմեց քույրը:

    Մարիամ Մարտիրոսյանը նշեց, որ ընտանիքի անդամները շատ վատ վիճակում են, ցավն այնքան մեծ է, որ չեն հասկանում, թե Էմիլի այդքան երազանքներն, ինչպես շուտ ավարտվեցին:

    «Միշտ կրկնում էր՝ կարևոր չէ՝ մարդ ինչքան կապրի, կարևորը՝ որակով ապրի: Ասում էր՝ մարդ կա 20 տարի է ապրում, բայց այնքան իմաստով է ապրում, որ 40 տարի ապրողը չի կարողում: Վերջին անգամ սեպտեմբերի 30-ին խոսեցինք իր հետ, չափից շատ հանգիստ էր: Մեծ քույրիկս բալիկի էր սպասում, Էմիլն էլ շատ անհամբեր սպասում էր իր առաջին անգամ քեռի դառնալուն: Ասել էին, որ բալիկը հոկտեմբերի 12-ին է ծնվելու, բայց այնքան ձգձգվեց, որ Էմիլիս ծննդյան օրը ծնվեց՝ հոկտեմբերի 19-ին»,- ասաց քույրը և պատմեց, որ Էմիլը զոհվել է հոկտեմբերի 1-ին, ընտանիքն այդ մասին իմացել է հաջորդ օրը:

    Ֆեյսբուքյան էջերը ողողված են Էմիլի մասին պատմություններով, բոլորը խոսում են նրա հայրենասիրության մասին, քույրը պատմեց, որ եղբայրը միշտ Նժդեհի խոսքերն էր մեջբերում՝ «Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում»: «Էմիլը մեկ ամսվա ծառայող էր, բայց ծառայությունից շատ գոհ էր, չէր մանրամասնում, միայն ասում էր՝ Հայաստանի և Արցախի ամենալավ զորամասն իմն է, մամ:

    Անձնականի մասին Էմիլը չէր խոսում, ընկերուհի չուներ, ասում էր՝ ես բժշկականում եմ սովորում, ոչ մի բժիշկ շուտ չի ամուսնանում, ես դեռ երկար տարիներ պետք է սովորեմ»:

    Tert.am-ի հետ զրույցում Էմիլի ընկերներից Զեմֆիրա Սահակյանը պատմեց, որ Էմիլը հրաշք ընկեր էր, իր հետ ամեն ինչից կարելի էր խոսել՝ առանց ձանձրանալու: «Չկար մի թեմա, որից նա գաղափար չունենար: Իր հետ պարապմունքի գնալիս՝ հասցնում էր Էմինեմից մինչև «Սասնա ծռեր» խոսել: Շատ սովորող էր, դասերից հետո ես դեռ տուն չէի հասնում, բայց ճանապարհին Էմիլից նամակ էի ստանում, դասերի էջերն էր հարցնում»:

    Սկզբնաղբյուր

    Բարձունքը մերն է… Բայց Սարմենը չկա …

    Բարձունքը մերն է… Բայց Սարմենը չկա …

    Նախորդը

    Քաջիկ Արշակյանն

    Քաջիկ Արշակյանն

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: