• 28 սեպտեմբեր, 2022
     Ուշանում եմ ինչի՞ց, Մերի Ներսիսյան

    Ուշանում եմ ինչի՞ց, Մերի Ներսիսյան

    Մի օր ինձ բռնեցի այն մտքի վրա, որ ընկել եմ ինքս իմ հետևից ու անում եմ ամեն բան չուշանալու, հասցնելու համար, այնինչ չունեմ գլխավոր հարցի պատասխանը՝ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՄ ԻՆՉԻ՞Ց:
     Հիշեցի դպրոցական տարիներս՝ ավարտական դասարանում ամենամեծ սարսափը, որ կարող էի պատկերացնել՝ այդ տարի ԲՈՒՀ չընդունվելն էր. ես շատերի նման բացառում էի միտքը, թե կարող է չընդունվեմ: Նույն տրամաբանությամբ ոմանք շտապում են ամուսնանալ, մյուսներն ասում են ԱՅՈ առաջին իսկ պատահած աշխատանքային առաջարկին, երեխա են ունենում... Շուտ-շուտ, արագ-արագ միայն թե չուշանան: Ու նորից հարց՝ ՈՒՇԱՆԱԼ ԻՆՉԻ՞Ց․․․
    Շատերդ կասեք, որ խնդիրը տարիքի մեջ է, մարդիկ վախենում են, որ այս կամ այն բանն անելու տարիքը կանցնի ու չեն հասցնի: Ինչ-որ իմաստով համաձայն եմ, ԲԱՅՑ...

    Սկսել եմ հասկանալ, որ տարիքի մասին մեր պատկերացումները մեզ ստիպում են ոչ թե ԱՊՐԵԼ ու վայելել, այլ ՎԱԶԵԼ ու անհանգստանալ, քանի որ ինչ-որ մեկը որոշել է, որ 40-ից հետո նոր մասնագիտություն սովորելը ծիծաղելի է, ի՞նչ հոբբի 50 տարեկանում, ո՞նց կարելի է սիրահարվել 60-ում... 
    Ես ճանաչում եմ կնոջ, ով միայն 50-ից հետո ճաշակեց իսկական սիրո երջանկությունը, մեկ ուրիշին գիտեմ, որը 48 տարեկան էր, երբ ոտք դրեց ուսումնական կենտրոն լրագրող դառնալու ակնկալիքով, մորաքույր ունեմ, որը 70-ի շեմին պատրաստվում է սեփական բիզնեսը սկսել:
    Ինչո՞ւ ենք վախենում սկսել մաքուր էջից, փորձել, ոգևորվել, ձախողել ու հաջողել... Ինչո՞ւ ենք ուզում, որ շարժումն ավարտվի՝ տանելով իր հետ նոր բան սովորելու, նոր բանի ձգտելու, նորովի ապրելու ցանկությունը: Իրականում, այդպես մենք ավելի արագ ենք ծերանում... Կրթություն ունեմ, աշխատանք ունեմ, ընտանիք էլ ունեմ, ՎԵՐՋ, կարող եմ հանգիստ ապրել: Իսկ թե ինչ ենք հասկանում «հանգիստ ապրել» ասելով՝ երևի կռահում եք՝ ՍՊԱՍԵԼ ԾԵՐՈՒԹՅԱՆԸ:
    ՎԵՐՋ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՄ  ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ.
     

    • ցանկանալ
    • սովորել
    • ոգևորվել
    • նախաձեռնել
    • սկսել
    • ԱՊՐԵԼ

     

    Հեղինակ՝ Մերի Ներսիսյան

    Սիրտս շրջող թափառաշրջիկ, Էմիլիա Օհանյան

    Սիրտս շրջող թափառաշրջիկ, Էմիլիա Օհանյան

    Նախորդը

    Սևան, գեղեցկագույնը՝ ջրերի մեջ

    Սևան, գեղեցկագույնը՝ ջրերի մեջ

    Հաջորդը

    Մեկնաբանել