booked.net
  • 31 հոկտեմբեր, 2020
    Մուշեղ Մուրադյան, Մի ասեք՝ ուզում եմ այս բան ունենալ, ասեք՝ հասնելու եմ, ունենալու եմ,

    Մուշեղ Մուրադյան, Մի ասեք՝ ուզում եմ այս բան ունենալ, ասեք՝ հասնելու եմ, ունենալու եմ,

    Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 27-ամյա Մուշեղ Մուրադյանը Արմավիրի մարզի Լենուղի գյուղից էր: Պարտադիր զինվորական ծառայության մեկնել էր 2011-ին: Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, մեկնել է Արցախ:

    Մուշեղի քույրը՝ Անուշիկը, Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբոր հետ վերջին անգամ զրուցել են սեպտեմբերի 30-ի առավոտյան, ասել է՝ լավ է:

    Քույրն ասում է՝ Մուշեղը սիրում էր ստեղծագործել, խուսափում էր կրկնություններից, որտեղ լինում էր, մի բան սարքում էր.

    «Ծառայության տարիներին էլ թղթից եկեղեցի էր պատրաստել: Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ էր, հետո սկսեց շինարարությամբ զբաղվել: Սիրում էր հարմարավետություն, հանգստություն: Առաջարկներ ուներ Հայաստանից հեռանալու, աշխատելու, բայց մերժում էր: Շատ էր սիրում իր երկիրը, Երևան քաղաքը. իր ամեն խոսքը Երևանի մասին էր»,-պատմեց Մուշեղի քույրը:

    Անուշիկի խոսքով՝ եղբայրն ատում էր տխուր մարդկանց, անում ամեն ինչ, որ բոլորը ժպտան. «Որտեղ կար տխրություն, ինքն այդտեղ չկար: Նպատակասլաց էր, պայքարող, որ զրուցում էինք, ասում էր՝ «Մի ասեք՝ ուզում եմ այս բան ունենալ, ասեք՝ հասնելու եմ, ունենալու եմ»:

    Մուշեղի մտերիմներից Մարիամ Աղաբաբյանը պատմում է, որ նա ազգային երգ ու պարի սիրահար էր, նման ոչ մի միջոցառում բաց չէր թողնում:

    «Գալիս էր, սովորում: Երգի ձայնը լսում էր ու ոտքի կանգնում… չէ, մենք իրեն նստած չենք տեսել, ինչ-որ անում էր, երգով էր անում, պարով էր անում: Վերջերս միջոցառում եղավ, չէինք ասել….իմացավ, ասաց ՝ նեղացել եմ, բայց վստահ ենք, որ չէր նեղացել, մենք էլ ափսոսեցինք, որ չենք ասել, մտածեցինք՝ դե էլի կլինեն, կասենք անպայման, բայց ի՜նչ իմանայինք… Կռիվը սկսվեց, իմացանք՝ Մուշոյին էլ են տանում: Մտածեցի՝ դե ոնց տանում են, այդպես էլ հետ կբերեն: Ես մտածում էի՝ կգա, բայց բերեցին: Ժամեր, օրեր տևեց իրեն բերելը, հազար ու մի փոթորիկներ անցան մեր միջով, հազար ու մի վարկած, կասկած»,-ասաց Մարիամը:

    Նրա խոսքով՝ չէին պատկերացնում անգամ, որ իրենց հետ հերոս է ապրում: «Թվում էր, թե սովորական մարդ է՝ բոլորիս պես՝ ասող, խոսող, երգող, պարող… բայց չէ, սովորական չէր: Ինչքան էլ ուժեղ թվանք կամ լինենք, մեկ է, ուժը սահմանային իրավիճակում է երևում. ամեն որդի չէ, որ կարող էր ժպիտը դեմքին զոհվել (մահվանից րոպեներ անց նկար կա, որտեղ նկատելի ժպիտ ունի Մուշոն՝ խաղաղ, բարի, խորը), ամեն մայր չէ, որ կարող է վեհորեն սգալ՝ չմեղադրել, չանիծել: Մայրն ասում էր՝ «Թող որ վերջինը լինի, իմով վերջանա… գոհ ենք Աստծուց, որ անբիծ վերադարձրել է… Լա՛վ ես արել, ճիշտ ես արել, ուրեմն՝ այսպես է պետք, ես քեզ չեմ մեղադրում»,- դիմում էր որդուն վերջին խոսքերով ու ասում, որ պիտի պատվով հաղթահարենք վիշտը»,-պատմեց Մարիամը:

    Սկզբնաղբյուր՝ Tert.am

    bannerH1

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: