booked.net
  • 31 հոկտեմբեր, 2020
    Հայ ժողովրդի ծագումը

    Հայ ժողովրդի ծագումը

    Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության ծագման օջախներից մեկն է։ Նրա տարբեր շրջաններում՝ Արագածի ստորոտում (Սատանի դար), Հրազդանի կիրճում (Արզնի, Նուռնուս), հայտնաբերված են նախնադարյան պարզ քարե գործիքներ, որոնք պատրաստված են ավելի քան 800 հազար տարի առաջ՝ հին քարե դարում կամ պալեոլիթում, ավելի ճիշտ՝ նրա շելյան դարաշրջանում, որը մարդկության պատմության մեջ համարվում է ամենահինը։

    Գտնված են նաև քարե կացիններ, նետի սայրեր, որոնք վերագրվում են նոր քարե դարին՝ նեոլիթին (մ․թ․ա. VI և III հազարամյակների միջև)։

      Պալեոլիթի դարաշրջանում զարգանում էր հողագործությունը. դրա ապացույցն են գտնված քարե հավանգը, քերիչները, բրիչի ծայրերը։ Մշակվում էին հացահատիկային բույսեր, պտղատու ծառեր, որոնք առատորեն տարածված էին լեռնաշխարհի զանազան շրջաններում։ Ըստ ակադ. Ն. Ի. Վավիլովի Հայաստանը կուլտուրական հացաբույսերի ծագման օջախներից է։

    Հողագործությունից և որսորդությունից բացի, հին ցեղերը զբաղվում էին նաև անասնապահությամբ։

    Լեռնաշխարհի բնակչությունը աշխարհում առաջիններից էր, որ սկսեց օգտագործել մետաղները, հատկապես բրոնզը, իսկ հետո նաև երկաթը։ Բրոնզե դարում հանդես են գալիս տոհմային և ցեղային միություններ. առաջանում են դասակարգեր, սկսվում է մարդու շահագործումը մարդու կողմից։

    Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով Լճաշեն գյուղի մոտ, ջրից ազատված մի դամբարանից պեղումների ժամանակ հայտնաբերվել է մի փայտե սայլ՝ նախատիպը այն սայլերի, որպիսիք նախքան հեղափոխությունը դեռևս հանդիպում էին Հայաստանի ճանապարհներին։

    Մի այլ դամբարանում հայտնաբերվել է մի մարդու կմախք, հավանաբար, մեծահարուստ առաջնորդի, զարդարված թանկարժեք զարդեղենով և էլի 13 կմախքներ, երևվի նրա ստրուկների, որոնց սպանել են ու թաղել տիրակալի հետ մեկտեղ։ Այդ իրերը վերաբերում են մ.թ․ա. II հազարամյակին՝ բրոնզե դարին։ Փոքր Ասիայում հեթիթների պետության Խաթուշաշ մայրաքաղաքի պեղումների ժամանակ բազմաթիվ արձանագրություններիդ հայտնաբերված է նույնպես . մ․թ.ա. II հազարամյակում կազմրված մի «տարեգրություն»։ Դա մեզ հասած առաջին աղբյուրն է, որտեղ հիշատակվում է Հայասա երկիրը։ Այդ երկրի ժողովուրդը՝ հայասները, հանդիսացել են հայերի անմիջական նախնիները, որոնց անունից էլ, ինչպես ենթադրում են մի շարք գիտնականներ, առաջացել է մեր ժողովրդի ինքնանվանումը՝ «հայ»։

    Հայկական լեռնաշխարհից հարավ գտնվում էր ահեղ Ասորեստանը։ II հազարամյակի կեսերին ասորեստանյան թագավորները արշավել են հյուսիս, դեպի Հայաստան, կամ, ինչպես իրենք են անվանել՝ Նաիրի («գետերի երկիր»), որը բաղկացած էր բազմաթիվ ցեղային միություններից. դրանց թվում էին նաև արիմ–արմենները։

    Նաիրի երկիրը արևելքում հասնում էր մինչև Ուրմիա լիճը (Կապուտան), արևմուտքում՝ մինչև Ճորոխ և Եփրատ գետերի վերնագավառները։

    IX դարի սկզբներին մ.թ.ա. նաիրյան ցեղերի միավորման հետևանքով կազմավորվեց Ուրարտու հզոր պետությունը՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքով։ Դա Սովետական Միության տերիտորիայի հնագույն պետությունն էր։

    Ուրարտական թագավորները թողել են գրավոր հիշատակարաններ՝ շուրջ հինգ հարյուր արձանագրություն ուրարտերեն լեզվով, որոնք սփռված են ամբողջ Հայկական լեռնաշխարհում, Հայաստանի տերիտորիայում՝ Սևանա լճի մոտ, Երևանի շրջակայքում (Արին–բերդ, Կարմիր բլուր), Արմավիրում և այլուր։ Դրանք ահագին ժայռերի վրա դրվագված սեպագիր արձանագրություններ են։ Գտնված են նաև ուրարտական ժամանակաշրջանի մի շարք կառույցներ։ Այդ ամենից մենք իմանում ենք, որ ուրարտացիք և պատերազմել են, և աշխատել, կառուցել են բերդեր ու ամրոցներ, ոռոգիչ ջրանցքներ ու կամուրջներ, զարգացրել են արհեստները, մշակել են խաղող, ցորեն, պատրաստել են գինիներ, ձուլել են մետաղներ, հատկապես երկաթ։

    Ուրարտական պետությունն անընդհատ պատերազմների հետևանքով հետզհետե թուլացավ, և ժամանակի ընթացքում իշխանությունն անցավ Երվանդունի հայկական դինաստիային (մոտ 625 թ. մ․թ․ա.)։ Ուրարտուի պետության փլատակների վրա բարձրացավ հնագույն հայկական թագավորությունը։ Դրանով ավարտվեց հայ ժողովրդի կազմավորման պրոցեսը։

    bannerH1

    Էջմիածին Կարդալ Նախորդը

    Էջմիածին

    Памятники долини Хачен Կարդալ հաջորդը

    Памятники долини Хачен

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: