
Գութանի երգը
Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։ ,
Քաշի՛, եզը, ուսիդ մատա՜ղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք․
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտա՛ղ,
Մեր սև օրին ճար անենք։ ,
Պարտքատերը գանգատ գընաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մընաց,
Կըբարկանա, կանիծի։ ,
Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության,
Ի՞նչ տամ կոռին ու բեգյարին․․․
Վարի՛, վարի՛, իմ գութան։ ,
Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ։ ,
Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։ ,
1887, Հովհաննես Թումանյան
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել