• 06 հոկտեմբեր, 2022
     Երեք արջի հեքիաթը

    Երեք արջի հեքիաթը

    Մի աղջիկ է լինում: Մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում անտառ մտնում։ Մոլորվում է անտառում, ճանապարհն է փնտրում՝ չի գտնում:


    Գալիս է դեմ առնում մի տնակի։ Դուռը բաց է անում։ Նայում է, տեսնում՝ տանը ոչ ոք չկա։ Ներս է մտնում։ Դու մի ասա, տնակում երեք արջ են ապրում՝ հայր արջը, մայր արջը և իրենց քոթոթը։ Նրանք անտառ գնացած են լինում։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ հյուրասենյակ ու ննջարան։ Աղջիկը մտնում է հյուրասենյակ:
    Տեսնում է՝ սեղանի վրա դրած երեք աման ապուր է դրված։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։ Աղջիկն առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։

    Վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։ Վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։
    Տեսնում է՝ փոքր ամանի ապուրը համով է։ Ուզում է նստել, տեսնում է երեք աթոռ` մեկը մեծ, մյուսը՝ միջակ, երրորդը՝ փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ հարմար չէ։ Նստում է միջակ աթոռին՝ հարմար չէ։ Նստում է փոքր աթոռին, շատ հարմար է, քեֆը գալիս է։
    Վերցնում է փոքր ամանը, դնում ծնկներին ու սկսում փոքր գդալով ուտել։ Ուտում կշտանում է ու սկսում օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկն ընկնում է։
    Վեր է կենում հատակից , աթոռը բարձրացնում, հենում սեղանին ու մտնում մյուս սենյակ։ Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում՝ մեկը մեծ, մյուսը՝ միջակ, երրորդը՝ փոքր։ Պառկում է մեծ մահճակալի վրա, տեսնում է՝ շատ է լայն։ Միջակի վրա է պառկում, տեսնում է՝ շատ է բարձր։ Փոքրի վրա է պառկում, տեսնում է՝ հենց իրենն է որ կա: Ու քնում է։ Արջերը քաղցած վերադառնում են տուն, որ ճաշեն։

    Հայրը մոտենում է իր ամանին, նայում է ու զայրացած մրթմրթում.
    - Այս ո՞վ է կերել իմ ամանից։ Մայր արջն է նայում իր ամանին ու փնթփնթում.
    - Այս ո՞վ է կերել իմ ամանից։ Քոթոթն է նայում իր դատարկ ամանին ու տրտնջում.
    - Այս ո՞վ է կերել իմ ապուրը։

    Հայր արջը նայում է իր աթոռին ու զայրացած մրթմրթում.
    - Այս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել։
    Մայր արջն է նայում իր աթոռին ու փնթփնթում.
    - Այս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել։
    Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու տրտնջում.
    - Այս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։
    Մտնում են մյուս սենյակ։
    Հայր արջը նայում է իր մահճակալին ու զարհուրելի մրթմրթում.
    - Այս ո՞վ է պառկել իմ մահճակալին ու տրորել։
    Մայր արջն է նայում իր մահճակալին ու փնթփնթում.
    - Այս ո՞վ է պառկել իմ մահճակալին ու տրորել։
    Քոթոթն է նայում իր մահճակալին ու տրտնջում.
    - Այս ո՞վ է պառկել իմ մահճակալին։
    Հանկարծ նկատում է աղջկան ու այնպես է ճղճղում, կարծես թե մորթում էին իրեն.
    - Սա ո՞վ է. գտել եմ. բռնե՛ք. վա՜յ ... բռնե՛ք։
    Եվ ուզում է աղջկանը կծել։
    Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բացում է, տեսնում՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու այս բոլորը երազ է եղել։    

    Գորտը

    Գորտը

    Նախորդը

    Փոքրիկ ձկնորսը

    Փոքրիկ ձկնորսը

    Հաջորդը

    Մեկնաբանել