Թխվածքաբլիթներ՝ Դեղձ

Բաղադրիչներ

Խմորի համար

  1. Ալյուր – 3-3,5 բաժակ
  2. Կարագ – 60 գրամ
  3. Թթվասեր – 2 ճաշի գդալ
  4. Շաքարավազ – 1 բաժակ
  5. Ձու – 2 հատ
  6. Վանիլին – 1 տուփ
  7. Թթխմոր – 1 թեյի գդալ

Միջուկի համար

  1. Խտացրած կաթ – կես տուփ
  2. Պոպոկ – 30-50 գրամ

Ձևավորման համար

  1. Ճակնդեղի թարմ հյութ – 1 բաժակ
  2. Գազարի թարմ հյութ – 1 բաժակ
  3. Շաքարավազ

Պատրաստման եղանակը

Ձուն լավ հարում ենք շաքարավազի, վանիլինի հետ, ապա ավելացնում ենք կարագը, որը նախորոք թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպիսի փափուկ լինի: Նորից հարում ենք: Ապա փոքր բաժիններով ավելացնում ենք ալյուրն ու թթխմորը: Հունցում ենք փափուկ խմոր:

Խմորից պատրաստում ենք փոքրիկ գնդեր՝«դեղձերի» կեսը, և իրարից փոքր հեռավորությամբ շարում ենք տապակի մեջ, որում նախորոք քիչ ձիթայուղով պատած պերգամենտային թուղթ ենք դնում:

Եփում ենք ջեռոցում 15-20 րոպե 180 աստիճանում: Հանում ենք խմորները, թողնում ենք հովանան:

Բոլոր գնդիկների մեջտեղում փոքր գդալի օգնությամբ փոսիկներ ենք անում:

Պատրաստում ենք կրեմ. խտացրած կաթը եփում ենք ջրով լի կաթսայի մեջ 2 ժամ, թողնում ենք հովանա:

Խտացրած կաթով պատում ենք գնդիկների ներքին մասը, իսկ փոսիկում տեղադրում ենք կամ ամբողջական, կամ կտրտած պոպոկ, ըստ ճաշակի: Որից հետո միացնում ենք իրար 2 գնդիկները:

Զարդարելու համար

Վերցնում ենք ճակնդեղի և գազարի թարմ հյութերը, լցնում ենք տարբեր ամանների մեջ:

Դեղձերի մի մասը ընկղմում ենք գազարի, իսկ մյուս մասը ճակնդեղի հյութի մեջ, որից հետո պատում ենք շաքարավազով:

Մեր «դեղձերը» պատրաստ են:

Բարի ախորժակ

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով