Ամառվա գիշերը գյուղում

Լուսընկա գիշեր,

Երկինքը պայծառ,

Անհամար աստղեր

Ցոլցըլում են վառ:

,

Քընած է արդեն

Հովտում ողջ գյուղը,

Մըթնած ու լուռ է

Գյուղացու հյուղը:

,

Հոգնած գյուղական

Ընտանիքն ահա

Սրահում, կալում,

Կամ կըտրի վըրա:

,

Երկընքի դիմաց

Գըրկված են քընած,

Վերևիցն, ասես,

Ժըպտում է աստված:

1887, Հովհաննես Թումանյան

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով