Այնպիսի բան շալակիր, որ հարգանքով ճամփա տան քեզ

Կարո Ստեփանի Դավթյանը ծնվել է 1904 թվականին, Վանի նահանգի Կարկառ գավառի Տափ գյուղում: Երեք տարեկան հասակում, 1907 թվականին, ընտանիքի հետ փոխադրվել է հարևան Գյավաշ գավառի Նարեկ գյուղը: 1915-ի Մեծ եղեռնի օրերին թուրքերն սպանել են նրա հարազատներին: Որբացած տղան բռնել է գաղթի ճամփան: Կարոյի մահամերձ մայրը հացի փոխարեն որդու շալակին հայերեն գիրք է դրել:

«Մի բան կգտնի՝ կուտի,- մտածել է մայրը,- կարևորը այն է, որ նա ազգությունը չփոխի: Հայերեն գիրք շալակողը այլազգի չի դառնա: Մարդ պիտի այնպիսի բան շալակի, որ հարգանքով ճամփա տան նրան»:

Տղան գիրքը շալակին հասել է մինչև Վաղարշապատ:

Հետո որբ տղան կրթություն ստացավ և 1922 թվականից դարձավ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1936 թվականին նա ավարտեց Երևանի մանկավարժական ինստիտուտը: Ապա կյանքի մեծ մասը անցկացրեց Լեռնային Ղարաբաղում:

Կարո Դավթյանն ամուսնացավ իր բախտակից, նույնպես Մեծ Եղեռնից մազապուրծ ուսուցչուհի Սալաթի հետ: Նրանք ունեցան չորս գեղանի դուստրեր, որոնցից Էլան և Ռազմիկան ապրում են Ստեփանակերտում, մյուս երկուսը՝ Նինելն ու Էմման, Երևանում: Երկար ժամանակ Դավթյանն զբաղվել է Ղարաբաղի բարբառի ուսումնասիրությամբ, որին նվիրված դիսերտացիայի համար էլ նա ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:

Կարո Դավթյանը մահացել է 1985 թվականին, Ստեփանակերտ քաղաքում, ուր և հանգչում է նրա աճյունը: Իսկ նրա շալակած ու կործանումից փրկված հայերն ձեռագիր մատյանն այժմ պահվում է Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում:

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով