Ճպուռն ու մրջյունը – Խնկո Ապեր

Թըռի-վռի մի ճպուռ,
Ողջ ամառը շուռումուռ
Երգեց, ճռաց,
Ճըռճըռաց:
Մին էլ ըհը, ձմեռը
Փռեց իրա թևերը,
Բացեց գորգը սպիտակ,
Դաշտերն առավ ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞րն ասեմ, էլ որը,
Երբ ամեն մի թփի տակ,
Թե սեղան կար, թե օթյակ:
Եկան օրեր ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ լուռումունջ.
Քաղցած փորին էլ ի՞նչ երգ,
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք:
Զընգր-զընգըր դողալով,
Ծանր-ծանր սողալով,
Նա մրջյունին ասում էր,
– Գլխիդ մատաղ, սանամեր,
Մի ճար արա, շունչ առնեմ,
Ցրտից, սովից չմեռնեմ.
Կերակրիր, տաքացրու,
Մինչև գարուն ապրեցրու:
– Ի՞նչ խաբար է, սանիկս,
Զարմանում եմ, ջանիկս.
Չաշխատեցի՞ր ամառը,
Ասա, ի՞նչ էր պատճառը:
– Էդպես բանի, սանամեր,
Էլ ժամանակ ո՞վ ուներ,
Էն խոտերում բուրավետ
Երգում էինք մերոնց հետ
– Ուրեմն` դո՞ւ:
– Այո, ես…
Ողջ ամառը դեն ու դես
Երգում էի մշտապես:
– Երգո՞ւմ էիր, շատ բարի
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա` դու պարի:

Խնկո Ապեր

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով