Մխիթար Գոշ` առակներ 11-20

11.

Արջի փորը ցավեց, դեղ հարցրեց աղվեսից, և սա ասաց.

-Մի բարեպաշտ մարդ դրա դեղն ունի, կերթաս նրա  մոտ և նա մեղր կտա, որը շատ օգուտ է քեզ:

Արջը ճամփա ընկավ և երբ մոտեցավ գյուղին, շները հալածելով փախցրին նրան, և նա սկսեց մեղադրել աղվեսին:

Աղվեսն ասաց.

-Այն մարդը, որ քեզ ոչ շներից ազատեց և ոչ էլ դեղ տվեց, տգետ է և օրենքից անտեղյակ:Արի քեզ տանեմ մի կրոնավորի մոտ, որը հմուտ է աստվածաբանության մեջ և բանիմաց է:

Երբ կրոնավորը տեսավ արջին ու աղվեսին, սկսեց նախատել նրանց և մերժել:

Աղվեսը արջին ցույց տվեց մեղվանոցի մուտքը, ուր մտավ արջն անմիջապես, կերավ մի փեթակ և մեկն էլ վերցնելով ճամփա ընկավ: Կրոնավորն սկսեց անիծել աղվեսին, որպես վնասի պատճառի:

Աղվեսն ասաց.

-Ես մեղավոր չեմ, որ արջը տմարդություն արավ:

Մեղքը քոնն է,որ դեղի համար չտվիր մեղրը, այլ՝ փորի:

 

12.

Հոտն ընթանալիս  շարժվում էին ոչխարների դմակները:

Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց և ասացին.

-Ի՞նչու մեզ նման պարկեշտությամբ չեք քայլում:

 

13.

Առյուծը բորենուն բռնեց գողության մեջ, և բորենին ասաց.

-Ես մեռածներին եմ ուտում, որովհետև կենդանիներին հաղթել չեմ կարողանում, իսկ դու ողջ-ողջ ես հոշոտու, որովհետև հզոր ես ու հաղթող:

 

14.

Փիղն իր որդուն տվեց Պլատոնի մոտ, որ իմաստություն սովորի:Պլատոնը նախ սկսեց սովորեցնել նրան լսարանում չոքելը, բայց նա չեր կարողանում, ապա ասաց նրան, գլուխդ խոնարհիր,այդ էլ չկարողացավ:

Պլատոնն այն ժամ նրան հորը վերադարձրեց և ասաց.

-Որդիդ արժանի է թագավորի պալատում  լինելու՝միշտ ոտքի վրա կանգնած, և ոչ իմ լսարանում,որովհետև ոչ նստել կրող է, ոչ գլուխ խոնարհել:

15.

Ուխտին խփեց իր խնամողը: Ուղտը բարկանալով՝ ասաց.

-Մի ծեծիր ինձ, երբ տրտում եմ ես, ապա թե ոչ կմեռնես իմ ձեռքով:

-Իսկ ի՞նչն է քո տրտմության նշանը, որ իմանամ և չծեծեմ քեզ:

-Երբ կտեսնես,- ասաց ուղտը,- որ իմ ստորին շուրթը կախ է ընկած, և ոտքս քայլելիս ձայն չի հանում, իմացիր, որ տրտում եմ ես:

-Ես ինչպես իմանամ,- ասաց ուղտապանը,- երբ շարունակ այդպես է՝ ստորին շրթունքդ կախված և քայլելիս էլ ոտքիդ ձայնը չի լսվում:

16.

Գալիանոսը մի անգամ բանախոսություն արավ մարմնական առողջության վրա, ասելով, որ եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, բժիշկներին դիմելու կարիք չի ունենա: Մի մարդ լսելով նրա բանախոսությունը, ոչ ուտում էր և ոչ էլ խմում, որից չարաչար հիվանդացավ և հանդիմանում էր Գալիանոսին, որը լսելով ասաց.
– Մի՞թե չգիտես դու, ով անմիտ, որ մենք մեր բնության արարիչը չենք, այլ օգնականը, և դու ինչու չհասկացար ու ա յնպես չվարվեցիր:

17.

Գայլն սպասում էր, որ այծյամը ննջի, որպեսզի բռնի նրան և ուտի : Բայց այծյամն իմանալով նրա միտքը չէր ննջում շատ օրեր, մինչև որ գայլը թմրելով նիրհեց:
Այն ժամանակ եկավ առյուծը կերավ գայլին:

18.

Կատուն թախանձում էր ոզնուն.
-Որդուդ տուր ինձ հոգեզավակ, և դառնանք բարեկամ:
Եվ երբ բազում թախանձանքներից հետո ստացավ ուզածը, ասաց.
-Որովհետև դժվարահամբույր է որդիդ, ուստի մերկացրու նրան փշերից, որպեսզի հեշտ լինի գրկել նրան ու գգվել:
Ոզնին խաբվեց, և մերկացնելով որդուն փշերից տվեց կատվին, որը կերավ իսկույն, իսկ ոզնին հեռացավ կսկծալից լաց ու կոծով:

19.

Որսի ժամանակ բազեի ճանկերից ազատվեց հավբալի ձագը, և բազեն ասաց. «Թող դա զոհ լինի աստծուն»: Հավբալի ձագը ծաղրելով նրան՝ ասաց. « Ինչ որ ձեռքովդ ես տալիս, ա՛յն է զոհ»:

20

Ծիտը տեսավ ջայլամին, որը մեծ-մեծ ձու էր ածում, և ուզեց պատճառն իմանալ: Ջայլամն պատասխանեց. «Կրակ եմ կուլ տալիս, այդ է պատճառը, որ մեծ-մեծ ձվեր եմ ածում ես»:  Ծիտը հավատալով կրակ կուլ տվեց և մեռավ, չմտածելով, որ մեծ-մեծ ձվեր ածելու պատճառը ջայլամի մեծությունն էր:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով