Մխիթար Գոշ` Առակներ 1-10

1.

Մի անգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասացին.

Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչո՞ւ չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:

-Որովհետև միաբանությամբ չենք վարվում,- պատասխանեց մեկը:

Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին. բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.

-Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:

Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:

 

 

2.

Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով՝ հարված տվեց նրան:

Ծառը զայրացավ և ասաց.

-Ո՛վ անագորույն, ծառը իր պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից:

 

3.

Նռնենին և թզենին միմյանց հետ սեր անել կամեցան և քաղցրությամբ համեմատվեցին. բայց նռան թթվայնությունից խորշեց թզենին, և լուծվեց նրանց դաշինքը:

 

 

4.

Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.

-Ինչու ենք դեղնած ու փորներս ուռած խեղդվում ջրի մեջ, դուրս գանք ցամաք և կյանք վարենք, ինչպես ուրիշները:

Մի ծեր գորտ ասաց.

-Հայրս պատվիրել է ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ վախկոտ ենք. Գուցե դուրս գանք ու վախենալով ետ դառնանք և մեր վախկոտությունն ուրիշներին հայտնի դարձնենք:

Բայց գորտերը չլսեցին ծերունուն ու դուրս եկավ, սակայն ոտնաձայն լսելով՝ փախան իսկույն ու ծովը սուզվեցին դարձյալ:

 

5.

Առյուծի ոտքը կոտրվեց. Նա սկսեց տրտնջալ բոլոր կենդանիների վրա և ասաց.

-Դուք իմ հարկատուներն եք, որովհետև գազանների իշխանն եմ ես, ինչո՞ւ ինձ համար զոհաբերություններ չեք անում, որ առողջանամ:

-Այն պատճառով,- պատասխանեցին կենդանիները,- որ մենք քեզանից պաշտպանություն չտեսանք ոչ արջի ձեռքից, ոչ գայլի և ոչ էլ այլ գազանների ձեռքից և մինչև անգամ դու ինքդ չխնայեցիր մեզ: Մենք աստծուն պետք է զոհաբերություն անենք, որ այդպիսի փորձանքի բերեց քեզ:

 

6.

Իմաստուններից մեկը հարցում արավ ծառերին և ասաց.

-Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան էլ խորը արմատներ եք գցում:

Եվ ծառերը այսպես պատասխանեցին.

-Ինքդ  իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրելով մեզ վրա, դիմանալ հողմերի  բռնությանը, եթե  խորը արմատներ չգցենք:

Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ և բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիններին ընդդիմադրել չեն կարող, որովհետեև խորը արմատներ չունեն:

 

7.

Զատիկի տոնին հավատացյալները հաղորդվելու եկան: Մի հովվի էլ համոզեցին, որ նա ևս հաղորդվի, բայց  հովիվը երբ հաղորդությունը տեսավ, փախավ, ասելով. «Ոչ ճաշ է, որ ուտեմ, և ոչ ընթրիք»:

Ու չհավանելով՝ թողեց ու գնաց:

 

8.

Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը, ասելով, թե ինչու եք ուտում ձեզանից մանր կենդանիներին: Եվ ձկները համարձակվելով ասացին. «Քեզանից ենք սովորում, որովհետև շատերը գալիս են քեզ երկրպագելու, և դու, կուլ տալով նրանց, կերակուր ես դարձնում քեզ համար: Ուստի և մենք քեզանից սովորելով, հանդգնում ենք»:

 

9.

Առյուծը, արջը և գայլը միասին  ասացին մի անգամ.

-Մենք ինչո՞ւ ենք հում ուտում մեր որսը: Մարդկանցից մեկին բռնենք, որ  իրենց օրենքին համաձայն, կերակուր պատրաստի մեզ համար մեր որսից:

Եվ  բռնեցին մեկին ու կարգեցին խոհարար:

Մարդը նեղվելով նրանց ձեռքի տակ մնալուց՝ հնար մտածեց նրանցից ազատվելու: Ճեղքեց մի մեծ գերան և նրա ամեն կեղմում սեպեր դնելով, ասաց առյուծին և մյուսներին.

-Օգնեցեք ինձ ճեղքելու այս փայտը: Դրեք ձեր ձեռքերը ճեղքվածքի մեջ և ձգեցեք:

Երբ նրանք դրին ձեռքերը, մարդը դուրս քաշեց սեպերը: Գազանները մնացին կաշկանդված: Այդ ժամանակ մարդը կացինն առավ և ասաց.

-Նախ առյուծից սկսենք :

Ասաց և ջարդեց բոլորին:

 

10.

Մի անգամ վար անելիս եզը փախավ լծի տակից, բայց մշակը բռնելով նրան՝ կալը բերեց: Այստեղից էլ եզը փախավ: Մշակը բերեց և այս անգամ սայլին լծեց: Սայլից էլ  փախավ: Մշակն ամեն անգամ բերեց շատ բանի լծեց: Վերջապես երբ եզը տեսավ, որ փախուստ տալն անհնար է, հնազանդվեց և թողեց իր փախչելու սովորությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով