Գայն ու գառը – Խնկո Ապեր

Մի ամլիկ գառ
Իրեն համար
Ջուր էր խմում առվակից.
Մեկ էլ դեմի ձորակից
Գայլն է կտրում վերևը,
Խոսքին տալով էս ձևը.

– Էս ի՞նչ լրբություն,
Ի՞նչ հանդգնություն.
Ա՜յ, դու փսլնքոտ,
Ոչխարի լակոտ,
Դու ինչի՞ տեր ես.
Որ գաս դնչովդ,
Քթով-պնչովդ
Ջուրս պղտորես.
Բռնեմ դունչդ
Կտրի շունչդ:

– Մի՛ բարկանար, պարոն գայլ,
Քեզնից ցած եմ քանի քայլ,
Էնպես բան ես ասում որ …

– Սո՞ւտ եմ ասում, ա՛յ լղպոր,
Էդ էլ չլինի հերվանը,
Չեմ մոռացել էն բանը,
Որ հենց էստեղ, նույն օրը,
Հայհոյեցիր իմ հորը:

– Մի տարեկան դեռ չկամ …

– Է՛հ, եղբայրդ էր, անզգամ:

– Ես մի ծին եմ, մինուճար:

– Խնամիդ էր անպատճառ,
Կամ մեկը ձեր պիղծ ցեղից:
Էլ ժաժ չգաս քո տեղից,
Ձեր շների,
Հովիվների
Ոխը քեզնից ես հանեմ,
Տես, գլուխդ ինչ բերեմ:

Ասավ,
Հասավ
Գառանը,
Առավ, թռավ
Անտառը:

Էստեղ ինչն է գլխավոր:
Ուժեղի մոտ
Միշտ էլ թույլն է մեղավոր:

—–

ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԵՐ

Ամլիկ – նորածին, փոքրիկ գառնուկ

Լղպոր – նիհար, վտիտ, կեղտոտ

Հերու – անցյալ տարին

Անզգամ – հանդուգն, երես առած, անպատկառ

Ժաժ գալ – շարժվել

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով