Երեք արջի հեքիաթը

Մի աղջիկ է լինում:
Մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում անտառ մտնում։ Մոլորվում է անտառում, ճանապարհն է փնտրում՝ չի գտնում:

Գալիս է դեմ առնում մի տնակի։
Դուռը բաց է անում։ Նայում է, տեսնում՝ տանը ոչ ոք չկա։
Ներս է մտնում։
Դու մի ասա, տնակում երեք արջ են ապրում՝ հայր արջը, մայր արջը և իրենց քոթոթը։ Նրանք անտառ գնացած են լինում։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ հյուրասենյակ ու ննջարան։
Աղջիկը մտնում է հյուրասենյակ: Տեսնում է՝ սեղանի վրա դրած երեք աման ապուր է դրված։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։
Աղջիկն առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։

Վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։
Վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է՝ փոքր ամանի ապուրը համով է։
Ուզում է նստել, տեսնում է երեք աթոռ` մեկը մեծ, մյուսը՝ միջակ, երրորդը՝ փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ հարմար չէ։ Նստում է միջակ աթոռին՝ հարմար չէ։ Նստում է փոքր աթոռին, շատ հարմար է, քեֆը գալիս է ։ Վերցնում է փոքր ամանը, դնում ծնկներին ու սկսում փոքր գդալով ուտել։
Ուտում կշտանում է ու սկսում օրորվել աթոռի վրա։
Աթոռը կոտրվում է, աղջիկն ընկնում է։

Վեր է կենում հատակից , աթոռը բարձրացնում, հենում սեղանին ու մտնում մյուս սենյակ։
Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում՝ մեկը մեծ, մյուսը՝ միջակ, երրորդը՝ փոքր։
Պառկում է մեծ մահճակալի վրա, տեսնում է՝ շատ է լայն։ Միջակի վրա է պառկում, տեսնում է՝ շատ է բարձր։ Փոքրի վրա է պառկում, տեսնում է՝ հենց իրենն է որ կա: Ու քնում է։
Արջերը քաղցած վերադառնում են տուն , որ ճաշեն։

Հայրը մոտենում է իր ամանին, նայում է ու զայրացած մրթմրթում.
– Այս ո՞վ է կերել իմ ամանից։
Մայր արջն է նայում իր ամանին ու փնթփնթում.
– Այս ո՞վ է կերել իմ ամանից։
Քոթոթն է նայում իր դատարկ ամանին ու տրտնջում .
– Այս ո՞վ է կերել իմ ապուրը։

Հայր արջը նայում է իր աթոռին ու զայրացած մրթմրթում.
– Այս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել։
Մայր արջն է նայում իր աթոռին ու փնթփնթում.
– Այս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել։
Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու տրտնջում .
– Այս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։
Մտնում են մյուս սենյակ։
Հայր արջը նայում է իր մահճակալին ու զարհուրելի մրթմրթում.
– Այս ո՞վ է պառկել իմ մահճակալին ու տրորել։ Մայր արջն է նայում իր մահճակալին ու փնթփնթում.
– Այս ո՞վ է պառկել իմ մահճակալին ու տրորել։
Քոթոթն է նայում իր մահճակալին ու տրտնջում.
– Այս ո՞վ է պառկել իմ մահճակալին։
Հանկարծ նկատում է աղջկան ու այնպես է ճղճղում, կարծես թե մորթում էին իրեն.
– Սա ո՞վ է. գտել եմ. բռնե՛ք. վա՜յ … բռնե՛ք։
Եվ ուզում է աղջկանը կծել։
Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բացում է, տեսնում՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։
Ու այս բոլորը երազ է եղել։

 

 

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով