Եդեմական ծաղիկը

Ժամանակով մեր աշխարհում մի վաճառական է լինում։ Ունենում է մի աղջիկ՝ անունը Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, այնքա՜ն քնքուշ, այնքա՜ն նախշուն, այնքա՜ն սիրուն է լինում։ Հերը շատ է սիրում աղջկան։ Մի անգամ էլ օտարության գնալիս հարցնում է.

– Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։

Աղջիկը թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։

– Լավ,- ասում է,- կբերեմ։

Գնում է, աշխարհից աշխարհ է անցնում, իր առևտուրն անում, գործն ավարտում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկ գտնի, որ տուն գա։ Այս կողմ է հարցնում, այն կողմ է հարցնում, ոչ ոք չգիտի, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է աճում։

Մի ծեր մարդ է պատահում, մի ճամփա է ցույց տալիս, ասում է.

-Այս ճամփով գնա, կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգո՛ւյշ մնա Սպիտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։

Հոր սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում։ Գնում է, գնում, դուրս է գալիս այնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ, փոթորիկ է բարձրանում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Գազանի նման մռնչում է ու ասում.

– Ինչո՞ւ պոկեցիր իմ ծաղիկը… Հենց հիմա դու կմեռնես…

Մարդը խոնարհվում է հրեշի առաջ:

– Ներիր,- ասում է,- ո՛վ հզոր… Իմ աղջիկը Ծաղիկն էր ուզել…

– Կներեմ,- պատասխանում է հրեշը,— բայց միայն պայմանով, որ աղջկադ ի՛նձ տաս։

– Համաձայն եմ։

– Որ համաձայն ես՝ քեզ եմ նվիրում քո կյանքը։ Գնա՛։ Հենց ձեր տան դիմացի սարն սպիտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղիկին տանելու։

Սպիտակ դևը ինքըհենց այդ հրեշն էր:

Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում դիմավորում է նրան։ Հերը համբուրում է աղջկան, տալիս է եդեմական ծաղիկը, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է։ Բայց խիղճըն անհանգիստ է: Քանի օրերն անցնում են, այնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ զարթնում է, տեսնում՝ դիմացի սարն արդեն սպիտակել է։

Լաց է լինում։ Պատճառը, հարցնում են. չի կարողանում ծածկել, պատմում է, թե այսպես-այսպես, ես խոսք եմ տվել, հիմի Սպիտակ դևը գալու է Ծաղիկին տանի։

– Բան չկա, հայրի՛կ,- ասում է Ծաղիկը,- լաց մի լինի, ես կգնամ Սպիտակ դևի հետ. ինչ կլինի կլինի։

Սպիտակ դևն արդեն դռանն է ու մռնչում է.

– Ո՜ւր է Ծաղիկը, ո՜ւր… ինձ տո՜ւր…

Մռնչում է, ու նրա սառը շնչից դողում են ծառերն ու աշխարհը: Զուգած, զարդարած, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս է գալիս Ծաղիկիը, հանձնվում Սպիտակ դևին, որ չարախինդ ոռնոցով հափշտակում է աղջկան, տանում։ Տանում է Մասիսի մեծ վիհը։ Այնտեղ՝ Մասիսի մեծ վիհում, այն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհում էր նրա բյուրեղյա ապարանքը։ Այդ ապարանքից իջնում էր նա, սարսափով աշխարհը պատում, հափշտակում ամեն կյանք ու կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է, փակում բյուրեղյա ապարանքում։

Ամիսներ են անցկենում։ Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սպիտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում, փախչում։ Դևը գալիս է, տեսնում է՝ Ծաղիկը չկա։ Կատաղում է, մրրիկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է նրա ետևից։

Աղջիկը արդեն բավական հեռու է լինում, Արագածի փեշերին է հասնում։ Ետ է նայում տեսնում է Սպիտակ դևը գալիս է։ Սարսափից ճչում է, օգնություն է կանչում։ Կանչելու հետ, Աստծու հրամանով, նրա առաջ մի դուռն է բացվում։ Դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին։

Ավելի է կատաղում Սպիտակ դևը. իր լայն թևերով բամփում է Արագածի գագաթին ու մռնչում.

– Ո՞ւր է Ծաղիկն, ո՞ւր… Ինձ տո՛ւր…

Ծաղիկը կախարդական դռնից ներս է մտնում ու դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են.

Զմրուխտ պալատում, ոսկի դագաղում,
Պառկած է չարի ուժով կախարդված,
Պառկած է Արին՝ ո՛չ մեռած, ո՛չ քուն,
Ու աշխարհքն ամեն սև սուգ է մտած։

Պառկած է մինչև օրը ցանկալի,
Այն պայծառ օրը, երբ որ նա կգա,
Կգա նոր կյանքով ու նոր սիրով լի,
Կարտասվի անուշ ու համբույր կտա։

Առաջանում է Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով ու տարածվում են ուրախ երգի ձայները.

Ահա եկավ, հասավ չքնաղ
Իր թագուհին, իր սիրելին,
Հիմա կելնի պաղ դագաղից
Մեր քաջ Արին-Արմանելին։

Հիմա կելնի թագավորը,
Հզոր Արին-Արմանելին,
Ու կժպտան վառ աչքերը
Ողջ աշխարհին, ծաղկին, ծիլին։

Հիմի կընկնի կախարդանքը
Չար թշնամու, Սպիտակ դևի,
Հիմի կգա դալար կյանքը,
Բույրը ծաղկի, շողն արևի։

Եվ ճիշտ որ, Ծաղիկը գնում է, տեսնում է, այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ՝ ոսկի դագաղ, դագաղի մեջ՝ մի գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած։ Տեսնում է թե չէ՝ սիրտը չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերը:  Վեր է կենում, կանգնում: Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա։

– Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար այս աշխարհքը։

Ու Ծաղիկը պատմում է իր հետ պատահած դժբախտությունը, թե ինչպես ինքը գերի էր ընկել Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։

– Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձայնը,- պատասխանում է Արին-Արմանելին,- Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ։ Էսպես է անում ամեն տարի։ Պետք է էսպես էլ մնայի, մինչև մեկը խորտակեր նրա չար կախարդանքը։ Դու եղար այդ մեկը։ Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ։

Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի։ Երկու թշնամի ուժերը պատառում են իրար։ Զարկում են, զարկվում, երկինք ու գետինք իրար են խառնվում։ Մութն ամպերում մռնչում է Սպիտակ դևը, Արին-Արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը, երկիրը դողում, դղրդում է հիմքից։ Կռվի վերջում պարտված-զարկված Սպիտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի մեծ վիհը, դարձյալ փակվում է իր բյուրեղյա սառն ապարանքում։ Աշխարհը մնում է գեղեցիկ հաղթողին։

Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովտում։ Արին-Արմանելին պսակվում է Ծաղիկի հետ։ Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, մրջյուն ու թռչուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ-կարմիրը՝ ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում ու աշխարհով մեկ ժպտում է գարնան կենսատու արևը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով