Մի հարուստ մարդու կին հիվանդանում է։ Տեսնում է մահը մոտ է՝ կանչում է իր մինուճար աղջկան, ասում է.
– Զավա՛կս, եղի՛ր լավն ու բարի, այն ժամանակ Աստված միշտ քեզ կլսի, ես էլ երկնքից կնայեմ քեզ ու կուրախանամ։
Ասում է ու մեռնում։ Աղջիկն ամեն օր գնում է մոր գերեզմանի վրա լաց լինում և մնում է միշտ լավն ու բարի։
Ձմեռը գալիս է, ձյունը սպիտակ սավանով ծածկում է մոր գերեզմանը:
Գարնան հայրը կրկին ամուսնանում է, աղջկա համար խորթ մայր է բերում։ Խորթ մայրն իր հետ երկու աղջիկ է բերում՝ դրսից սիրուն ու սպիտակ, ներսից՝ չար ու սևահոգի։ Ու խորթ աղջկա համար սկսվում են սև օրերը։
— Մի՞թե էս կուռկուռն էլ մեզ հետ միասին պետք է տանը պարապ-սարապ նստի։ Ով ուզում է հաց ուտի, պետք է աշխատի – ասում են խորթ քույրերն ու տնից դուրս են անում նրան, քշում խոհանոց։
Շորերն ու կոշիկները հագից հանում են, հնամաշ ու քրքրված շորեր ու փայտե ոտնամաններ են հագցնում, ծափ են տալիս ու վրան ծիծաղում. «Մի սրա՛ն նայեք, այս իշխանուհուն, տեսեք՝ ոնց է զուգվել, զարդարվել…» :
Խեղճ աղջիկը առավոտից երեկո պետք է խոհանոցում չարչարվեր։ Առավոտ ծեգին պետք է վեր կենար, ջուր կրեր, կրակ աներ, կարեր, կարկատեր, եփեր, թափեր։ Խորթ քույրերն էլ շարունակ նրան վշտացնում էին ու վիրավորում, ծաղրում էին, ընտրած ոսպն ու սիսեռը շաղ էին տալիս, մոխիրն էին լցնում, ու նա նորից պետք է նստեր հատիկ-հատիկ հավաքեր։
Երեկոյան էլ, երբ որ գործը վերջացնում էր, անկողին չուներ, կրակի առաջ՝ մոխրի վրա էր պառկում։ Դրանից էլ միշտ մոխրոտ էր լինում, ու դրա համար էլ քույրերը նրան կոչեցին Մոխրոտ։
Մի անգամ Մոխրոտի հայրը, ուրիշ տեղ գնալիս խորթ աղջիկներին հարցնում է, թե՝ ինչ եք ուզում, որ ձեզ համար բերեմ։ Մեկն ասում է.
– Ինձ սիրուն շորեր բեր։
– Մյուսն էլ՝ – Ինձ մարգարտե մանյակ բեր։
– Իսկ դո՞ւ, Մոխրո՛տ ջան, դո՞ւ ինչ կուզես, որ բերեմ։
Մոխրոտը պատասխանում է.
– Հայրի՛կ, ծառի ճյուղը, որ վերադարձիդ կդիպչի քո գլխարկին, այ այն ճյուղը կտրի՛ ու բե՛ր ինձ համար։
Հայրը գնում է. խորթ աղջիկների համար լավ շորեր է առնում, մարգարտե մանյակ ու թանկագին քարեր է առնում ու ճամփա ընկնում դեպի տուն։ Վերադարձին մի ծմակով անցնելիս մի ընկուզենու ճյուղ է դիպչում գլխարկին, գլխարկն ընկնում է։ Ճյուղն էլ կտրում է, հետը վերցնում, որ Մոխրոտին տա։ Տուն է հասնում, խորթ աղջիկների ուզածն իրենց է տալիս, ընկուզենու ճյուղն էլ տալիս է Մոխրոտին։ Մոխրոտը շնորհակալ է լինում հորից, տանում է մոր գերեզմանի վրա տնկում ու լաց է լինում։ Այնքան լաց է լինում, որ տնկած ընկուզենու ճյուղն արտասուքով ջրում է։ Ու ընկուզենու ճյուղն աճում, մեծանում, մեծ ծառ է դառնում։
Մոխրոտն օրը երեք անգամ գնում է այդ ծառի տակ լաց է լինում ու աղոթք անում։ Ամեն անգամ էլ մի ճերմակ թռչուն գալիս է ծառին նստում, ու Մոխրոտն ինչ ուզում է, ուզածը վերևից գցում է ներքև։
Մի անգամ էլ թագավորը մի հանդես է սարքում, որ երեք օր երեք գիշեր պետք է քաշեր։ Իր տերության բոլոր գեղեցիկ աղջիկներին հրավիրում, հավաքում է հանդեսին, որ իր տղան նրանց միջից իրեն համար հարսնացու ընտրի։ Խորթ քույրերը որ իմանում են՝ իրենք էլ են հրավիրված, ուրախանում, աշխարհքով մեկ են լինում, Մոխրոտին ձայն են տալիս.
– Արի՜, Մոխրո՛տ, արի, մեր մազերը սանրի՛, մեր կոշիկները սրբի՝ գնում ենք թագավորի պալատը խնջույքի։
Ինչ ասում են, Մոխրոտը կատարում է, բայց սիրտն ուզում է, որ ինքն էլ գնա, ինքն էլ ուրախանա: Խորթ մորը խնդրում է, որ իրեն էլ հետները տանեն պալատ։

– Հողեմ գլուխդ, – ճչում է խորթ մայրը, – ակաս-մակաս էդ մոխրոտ տեղովդ հենց դու էիր պակաս թագավորի պալատում։ Ո՛չ հագիդ հագուստ ունես, ոչ ոտնաման. դու է՞լ ես ուզում պալատում պար գալ:
Ու ոչ միայն մերժում է, այլև վերջում ասում է.
– Դե լավ. մի աման ոսպ եմ ածել մոխիրը. երկու ժամումը թե կջոկես, հետներս քեզ էլ կտանենք, թե չէ՝ չենք տանի։
Մոխրոտն էս լսում է թե չէ՝ ետևի դռնիցը դուրս է թռչում պարտեզ ու կանչում.

Իմ ընկերնե՛ր, աղունակնե՛ր,
Երկընքի տակ թըռչող հավքե՛ր,
Թըռե՜ք, եկե՜ք ամեն կողմից,
Վեր քաղեցեք ոսպը մոխրից.
Լավն՝ ամանը, վատը՝ ձեզ կեր,
Իմ ընկերնե՛ր, թռչո՛ւն հավքեր։

Այս ասելն է լինում։ Մեկ էլ տեսնում է՝ խոհանոցի լուսամուտից երկու ճերմակ աղավնի ներս ընկան, նրանց ետևից տատրակներ, տատրակների ետևից էլ՝ ուրիշ թռչունները։ Ծլվլալով իջնում են ուղիղ մոխրի վրա ու, կը՛տ-կը՛տ, կտուցներով սկսում են ոսպը մոխրից վեր քաղել, վատերն ուտել, լավերը լցնել ամանի մեջ։ Մի ժամ չանցած՝ ողջ ոսպը ջոկում, հավաքում են ու թռչում գնում։ Մոխրոտն ամանն առնում է, ուրախ-ուրախ տանում տալիս խորթ մորը: Ասում է. «Հիմա ինձ էլ հետը կտանի»։ Խորթ մայրն ավելի է կատաղում.
-«Չէ՛, չեմ տանի. ո՛չ շոր ունես, ոչ ոտնաման, ինչպե՞ս պետք է պալատում պար գաս։ Դու խաղք ու խայտառակ կլինես, մենք էլ՝ քեզ հետ։
Մոխրոտը լաց է լինում: Խորթ մայրն ասում է.
– Դե լավ. երկու աման ոսպը մի ժամում թե մոխրից ջոկեցիր, հետներս կտանենք ։
Ու մտածում է. «Սա հո հաստատ չի հասցնի»։
Երկու աման ոսպն ածում է մոխիրը, իսկ Մոխրոտը ետևի դռնից պարտեզն է վազում.

Իմ ընկերնե՛ր, աղունակնե՛ր,
Երկընքի տակ թըռչող հավքե՛ր,
Թըռե՜ք, եկե՜ք ամեն կողմից,
Վեր քաղեցեք ոսպը մոխրից.
Լավն՝ ամանը, վատը՝ ձեզ կեր,
Իմ ընկերնե՛ր, թռչո՛ւն հավքեր։

Կանչում է թե չէ՝ խոհանոցի լուսամուտից թռթռալով երկու ճերմակ աղավնի են ներս ընկնում, նրանց ետևից տատրակներ, տատրակների ետևից էլ ուրիշ թռչուններ։ Ծլվլալով իջնում են մոխրի վրա ու, կը՛տ-կը՛տ, կտուցներով սկսում են ոսպը մոխրից վեր քաղել, վատերն ուտել, լավերը լցնել ամանի մեջ։ Մի ժամ էլ չանցած՝ ողջ ոսպը ջոկում, հավաքում են ու թռչում գնում։ Մոխրոտը ամանն առնում է, ուրախ-ուրախ տանում տալիս է խորթ մորը: Ասում է «Հիմա անպատճառ ինձ էլ կտանի հետը»։
Խորթ մայրը փրփրում է.
-Ինչ ուզում ես արա, մեկ է, քեզ հետներս չենք տանելու, ո՛չ հագիդ հագուստ ունես, ո՛չ ոտիդ ոտնաման, ինչպե՞ս պետք է պալատում պար գաս։ Դու խաղք ու խայտառակ կլինես, մենք էլ՝ քեզ հետ։
Ասում է, երեսը շուռ տալիս, իր երկու գոռոզ աղջիկներին առնում գնում։
Մոխրոտը տանը մնում է մեն-մենակ։ Վեր է կենում գնում մոր գերեզմանին, ընկուզենու տակ կանգնում ու կանչում.

Թռչնա՜կ, թռչնա՜կ, ձգիր վար
Մի ձեռք վառ շոր ինձ համար:

      Կանչում է թե չէ՝ ճերմակ թռչնակը ծառից ոսկեկար ու արծաթակար մի ձեռք շոր ու ոտնամաններ է գցում ներքև։ Մոխրոտն իսկույն հագնում է ու շտապում պալատը։ Արծաթակար ու ոսկեկար զգեստը հագին՝ էնքան գեղեցիկ է լինում, որ խորթ մայրն ու քույրերը չեն ճանաչում։ Ասում են՝ ով գիտի ի՛նչ թագավորի աղջիկ է։
Թագավորի տղեն որ տեսնում է, իսկույն դեմն է գալիս, ձեռքից բռնում է, հետը պարում, ու էլ ձեռքը բաց չի թողնում։

Այսպես մինչև երեկո պարում են, երեկոյան էլ, որ ուզում է տուն գնալ, թագավորի տղան ասում է
– Ես քեզ կուղեկցեմ։
Շատ է ուզում իմանալ, թե ով է գեղեցկուհին, ինչ տնից է, ում աղջիկն է։ Բայց ճամփին մոխրոտը հանկարծ թռչում է, մտնում իր հոր աղավնոցը, կորչում։ Թագավորի տղան սպասում է, մինչև որ Մոխրոտի հայրը գալիս է։
Ասում է՝ անծանոթ գեղեցկուհին քո աղավնոցը մտավ։
Ծերունին միտք է անում. -« Չլինի՞ թե մեր Մոխրոտն է էս գեղեցկուհին…»:
Աղավնոցը քանդում են, տակնուվրա են անում. ո՛չ Մոխրոտ կա, ո՛չ էլ ուրիշ շունչ արարած:
Դու մի ասա՝ Մոխրոտը մտել է աղավնանոց, մյուս կողմից ներքև թռել ու մի ակնթարթում հասել ընկուզենու տակ։ Այնտեղ իր ճոխ զգեստները հանել է դրել մոր գերեզմանի վրա ու թոչնակը ետ է տարել, իսկ ինքը վազել է խոհանոց, նորից մոխրի վրա պառկել։ Խորթ մայրն ու աղջիկներն էլ գալիս են տեսնում՝ ինչպես որ թողել են, այնպես էլ Մոխրոտը, ցնցոտիները հագին, մոխրի վրա պառկած, կողքին էլ՝ ձեթի ճրագն է մխում։
Մյուս օրը նորից շարունակվում է հանդեսը։ Հայրը, խորթ մայրն ու քույրերը դարձյալ նոր շորեր են հագնում ու գնում, իսկ Մոխրոտը շտապում է իր ընկուզենու տակ ու կանչում։

Թռչնա՜կ, թռչնա՜կ, ձգիր վար
Մի ձեռք վառ շոր ինձ համար:

Ճերմակ թռչնակն առաջվանից ավելի գեղեցիկ մի ձեռք շոր է գցում ներքև։ Այս շորերը հագին Մոխրոտը որ չի հայտնվում խնջույքում, հանդիսականները մնում են բերանները բաց։ Դու մի ասա՝ թագավորի տղայի աչքն էլ հենց ճամփին է լինում։ Տեսնում է թե չէ՝ դեմն է վազում, ձեռիցը բռնում է տանում ու միմիայն նրա հետ է պարում շարունակ։ Ուրիշ պարողներ էլ որ մոտենում են, ասում է՝ չէ՛ իմ պարընկերը սա է, միայն սրա հետ պետք է ես պարեմ։
Մութը որ ընկնում է՝ աղջիկն ուզում է գնալ իրենց տուն։

Թագավորի տղան ետևից գնում է, որ տեսնի, թե ում տունն է մտնում։ Մոխրոտը վազում է ընկնում իրենց տան ետևի պարտեզը։ Պարտեզում մի տանձենի է լինում, լիքը հասած, հրաշալի տանձերով։ Սկյուռի նման ճարպիկ ծառն է բարձրանում ու ճյուղերի արանքում այնպես է կորչում, որ թագավորի տղան չի էլ կարողանում նկատել, թե որտեղ թաքնվեց։
Սպասում է, մինչև Մոխրոտի հայրը գալիս է։ Ասում է.
– Այն անծանոթ աղջիկը էլի աչքիցս թռավ ու կարծես թե էս ձեր տանձենուն բարձրացավ…
Հայրը միտք է անում. «Չլինի՞ թե մեր Մոխրոտն է…»:
Հրամայում է, կացինը բերում են, տանձենին կտրում են. վրան ոչ ոք չկա։ Մտնում են խոհանոց, տեսնում են՝ ինչպես միշտ, դարձյալ մոխրի վրա պառկած է։ Դու մի ասա՝ ծառի մի կողմից բարձրացել է, մյուս կողմից իջել, լավ շորերը տարել է տվել թռչնակին, հին ցնցոտիները հագել ու եկել մոխրի վրա պառկել է ։
Երրորդ անգամն են տանեցիները գնում խնջույքի։ Մոխրոտն էլ կրկին վազում է մոր գերեզմանին, իր ընկուզենու տակ կանգնում ու կանչում.

Թռչնա՜կ, թռչնա՜կ, ձգիր վար
Մի ձեռք վառ շոր ինձ համար:

Այս անգամ ճերմակ թռչնակը մի շատ ճոխ ու շքեղ զգեստ է գցում ներքև, իսկ ոտնամանները՝ զուտ ոսկուց։
Մոխրոտը հագնում է ու զուգված-զարդարված ներկայանում պարահանդեսի: Ներկաներն արհամարհանքից ու զարմանքից քշվում, վերանում են։ Թագավորի տղան միայն նրա հետ է պարում, ով էլ մոտենում է, ասում է.
– Չէ՛, մենակ ես պետք է պարեմ սրա հետ…
Մութն ընկնում է, Մոխրոտն ուզում է գնալ: Թագավորի տղան ուզում է ուղեկցել, բայց Մոխրոտն այնպես է սահում չքանում, որ տղան չի էլ կարողանում ետևից հասնել։ Միայն թե թագավորի տղան այս անգամ խորամանկություն էր արել։ Հրամայել էր, որ պալատի սանդուղքները ձյութեն։ Սանդուղքները շտապ իջնելու ժամանակ աղջկա ձախ ոտնամանը կպչում է սանդուղքին, մնում։
Թագավորի տղան ոտնամանը վերցնում է ու զարմանում, թե ինչքան է փոքրիկ ու ինչքան է սիրուն, այն էլ՝ զուտ մաքուր ոսկուց։
Մյուս օրը ոտնամանն առնում է , գնում Մոխրոտի հոր մոտ։ Ասում է՝ նա պետք է լինի իմ կինը, ում ոտին այս ոտնամանը կգա։
Խորթ քույրերը ուրախանում են։ Իրենք էլ փոքրիկ, սիրուն ոտներ են ունենում։ Մեծ քույրն իսկույն խնդմնդալով իր սենյակն է վազում, մայրը կողքին կանգնում է, ինքը ոտնամանը ոտքի վրա փորձում է։ Փորձում է, բայց փոքր է ստացվում, ինչ անում է, չի անում, մեծ մատը ոչ մի կերպ ներս չի գնում։ Մայրը դանակը հանում է ու ասում է.
— Ա՛ռ, մեծ մատդ կտրի, մի՛ վախենա, որ թագուհի դառնաս, ոտքով հո ման չե՞ս գալու։
Աղջիկը դանակն առնում է, մեծ մատը կտրում, ոտը մտցնում է ոտնամանի մեջ ու, մի կերպ ցավին դիմանալով, դուրս է գալիս թագավորի տղայի մոտ։
Թագավորի տղան ասում է՝ իմ հարսնացուն սա է, որ կա։ Ու աղջկանը գավակն է առնում, ձին քշում։ Բայց ճամփին գերեզմանի մոտից անցելիս ընկուզենու վրայից երկու ճերմակ աղավնի կանչում են.

Ղո՜ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նկատում,
Ոնց է ոտքից արյուն կաթում.
Փոքր է ոտքին ոտնամանը,
Քու հարսնացուն մնաց տանը։

Թագավորի տղան նայում է՝ աղջկա ոտնամանից արյունը ծորելով գնում է։ Ձիու գլուխը ետ է շուռ տալիս, աղջկան ետ տանում, ասում է՝ սա իմ հարսնացուն չի, թող մյուս քույրը փորձի, տեսնենք։
Երկրորդ քույրն է վազում իր սենյակը, որ ոտնամանը ոտին փորձի։ Մատները լավ են գնում, բայց սրա էլ կրունկն է մեծ դուրս գալիս։ Մայրը դանակը հանում է, տալիս նրան ու ասում.
– Ա՛ռ, կրնկիցդ մի քիչ կտրի՛, մի՛ վախենա, որ թագուհի դառնաս, ոտքով հո ման չե՞ս գալու։
Աղջիկը կրնկից մի քիչ կտրում է, ոտքը մի կերպ ոտնամանի մեջ է մտնում ու, ցավին դիմանալով, դուրս է գալիս թագավորի տղայի մոտ։
Թագավորի տղեն ասում է՝ հիմա արդեն գտա, սա է իմ հարսնացուն, որ կա։ Նստում է ձին, աղջկանը գավակն է առնում ու քշում։
Գերեզմանի կողքից անց կենալիս ընկուզենու վրայից երկու աղավնիները էլ նորից կանչում են.

Ղո՛ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նըկատում.
Ոնց է ոտից արյուն կաթում.
Փոքր է ոտքին ոտնամանը,
Քո հարսնացուն մնաց տանը։

Թագավորի տղան նայում է՝ արյուն է ծորում աղջկա սպիտակ գուլպաների տակից ու ոտնամանից կաթկըթում։ Ձիու գլուխը ետ է շուռ տալիս, կեղծ հարսնացուին ետ բերում իրենց տունը։ Ասում է.
— Սա էլ իմ իսկական ոարսնացուն չի։ Դուք ուրիշ աղջիկ չունե՞ք…
Հայրն ասում Է.
– Չէ՛, էլ ուրիշ աղջիկ չունենք։ Ճիշտ է, իմ առաջին կնոջ մահից հետո մի փոքրիկ աղջիկ մնաց, որ մենք Մոխրոտ ենք ասում, բայց դե նա ձեզ վայել հարսնացու չէ…
Թագավորի տղան ուզում է անպատճառ Մոխրոտին տեսնել:
– Չէ՛, ամա՜ն, – ասում է խորթ մայրը, – նա այնպես կեղտոտ է, որ վրան նայել չի լինի։
Բայց թագավորի տղան համառում է՝ ինչ ուզում է լինի, պետք է տեսնեմ: Ու ձայն է տալիս, Մոխրոտին կանչում։
Մոխրոտը, երեսն ու ձեռքերը լվացած, դուրս է գալիս, գլուխ տալիս թագավորի տղաին։ ՍՆա էլ ոսկի ոտնամանը նրան է տալիս, որ հագնի։
Մոխրոտըը նստում է նստարանին, փայտե կոպիտ ոտնամանները հանում, ոսկի ոտնամանը հագնում։ Այնպես լավ է նստում ոտքին , ոնց որ հալած-թափած։ Ոտքի է կանգնում ու ժպտալով թագավորի տղայի աչքերի մեջ նայում, թագավորի տղան հանկարծ ճանաչում է, տեսնում է՝ սա հենց այն գեղեցկուհին է, որի հետ ինքը պարում էր ու որին ման է գալիս։
– Ահա,- ասում է,- վերջապես գտա իմ իսկական հարսնացուին։

 

Խորթ մարն ու իր աղջիկները նախանձից ու ցավից քաթանի պես գունատվում են։ Թագավորի տղան իր ձին հեծնում է, Մոխրոտին գավակն առնում ու թռչում դեպի իր պալատ։ Մոխրոտի մոր գերեզմանի մոտից անցնելիս՝ ընկուզենու վրայից երկու ճերմակ աղունակները կանչում են.

– Ղո՛ւ, ղո՜ւ, տղա՛, չե՞ս նկատում,
Ոտքից արյուն էլ չի կաթում.
Ոտնամանը ոտքինն է բուն,
Բարով տանես քո հարսնացուն։

Այսպես կանչում են, հետո ցած են թռչում, մինը Մոխրոտի աջ ուսին է բազմում, մյուսը՝ ձախ ուսին։ Ու այդպես էլ մնում են։

 Հարսանիքին Մոխրոտի խորթ քույրերն էլ են գալիս, որ իրենց վրա էլ նրա բախտից կաթի, ու իբր թե ուրախանում են։ Պսակ գնալիս մեծը Մոխրոտի աջ կողմում է կանգնում, փոքրը՝ ձախ կողմում: Աղավնիները մեծի աջ աչքն են հանում, փոքրի՝ ձախ աչքը։ Պսակից հետ գալիս մեծը ձախ կողմն է անցնում, փոքրը՝ աջ կողմը։ Այս անգամ էլ աղավնիները մեծի ձախ աչքն են հանում, փոքրի՝ աջ աչքը։
Ու այսպես, երկուսն էլ իրենց չարությունից կուրանում են ու ամբողջ իրենց կյանքում էլ մնում են կույր։

 

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով