Ժամանակով մի թագավոր է լինում։ Սա մի քանի աղջիկ է ունենում՝ մեկը մյուսից գեղեցիկ, բայց ամենից գեղեցիկը լինում է փոքրը. այնքա՜ն սիրուն, այնքա՜ն շարմաղ, որ էլ չուտես, չխմես, կանգնես ու նրան նայես։
Թագավորի պալատի կողքին մի անտառ է լինում, անտառում՝ մի հին լորենու տակ՝ մի ջրհոր։ Էս սիրուն աղջիկը սովորություն է ունենում, ամեն օր գնում է անտառ, ջրհորի մոտ խաղ է անում, իր ոսկի գնդակը վերև գցում ու բռնում։ Մի օր էլ խաղալիս շատ բարձր է գցում, չի կարողանում բռնել, ու գնդակն ընկնում է ջրհորը։ Վերևից նաոում է, ջրհորը աչքին թվում է անտակ։ Սկսում է լաց լինել։ Էս լացի ժամանակ հանկարծ մեկը ձայն է տալիս.

– Ի՞նչ է պատահել, թագավորի ՛ աղջիկ, ինչու՞ ես համար ես այդպես սրտակոտոր լալիս։
Աղջիկը նայում է, ի՞նչ տեսնի՝ մի ահագին գորտ, ջրհորի եզրին նստած, մարդու նման խոսում է։ Զարմանում է, ասում.
– Խաղալիս գնդակս ջրհորը գցեցի, դրա համար եմ լաց լինում։
– Հետո ի՞նչ, – ծիծաղում է գորտը, – դա ի՞նչ բան է, որ դրա համար լաց ես լինում։ Ի՞նչ կտաս, որ գնդակը հանեմ։
– Ամեն, ամեն բան կտամ,— սկսում է աղաչել աղջիկը, – իմ բոլոր զարդերը կտամ, իմ անգին քարերը կտամ, իմ ոսկե թագը կտամ, միայն թե իմ սիրուն գնդակը հանես։
Գորտը թե.
— Ինչի՞ս են պետք քո զարդերը, քո անգին քարերը, մարգարիտներն ու ոսկե թագը։ Չեմ ուզում։ Ա՛յ ուրիշ բան է, եթե ինձ սիրեիր ու այնպես սիրեիր, որ ամեն բանում քո անբաժան ընկերը լինեի, քեզ հետ միասին սեղան նստեինք, մի ամանով ուտեինք, մի բաժակով խմեինք ու մի անկողնում քնեինք։ Ա՛յ, եթե սա խոստանայիր, գուցե ցատկեի ջրհորն ու հատակից հանեի քո ոսկե գնդակը։
– Լա՛վ, լա՛վ, ինչ որ ուզում ես այդ ամենը խոստանում եմ, միայն թե իմ գնդակը բերես, – խոսք է տալիս թագավորի աղջիկն ու հետն էլ մտքումն ասում է. – «Սրան տե՛ս հապա, է, տխմար կռկռան, մի տե՛ս, թե ինչեր է ուզում։ Գնա քո ջրհորում ճպեխվի ու կռկռացրու, քո ի՞նչ բանն է մարդուն ընկեր դառնալը»։
Գորտը հենց խոստումը լսում է, սուզվում է ջրի տակը, գնդակը գցում է կանաչ խոտի մեջ։ Աղջիկը վրա է թռչում, գնդակը հափշտակում, ուրախ-ուրախ, թռչկոտալով վազում դեպի տուն։ Գորտը կանչում է.
– Սպասի՛ր, ինձ էլ տա՛ր հետդ. ախր ես քեզ պես վազել չեմ կարող…
Աղջիկը հետ էլ չի նայում, վազում է ընկնում հոր պալատն ու գորտին մտքից հանում։ Գորտը ետևից նայում է, նայում ու նորից մտնում է ջրհորը։
Մյուս օրը հենց որ թագավորի աղջիկն իր հոր ու պալատականների հետ միասին սեղան է նստում ու սկսում է ուտել իր ոսկե ամանով, մեկ էլ լսում է, թե ինչպես է մեկը մարմարե սանդուղքներով անշնորհք բարձրանում, դուռը ճանկռոտում ու կանչում .
– Թագավորի փոքրի՛կ աղջիկ, բա՛ց արա…
Թագավորի աղջիկը վազեվազ գնում է տեսնի՝ ով է կանչում իրեն։ Դուռը բաց է անում ու տեսնում է առաջին գորտին։

Իսկույն դուռը փակում է ու վախեցած գալիս է իր տեղը նստում։
– Ի՞նչ է, աղջի՛կս, ինչի՞ց այդպես վախեցար, – հարցնում է թագավորը, – չլինի՞ դև կա կանգնած դռան հետևում, ուզում է քեզ փախցնի:
– Ո՛չ, հայրի՛կ, դև չի, մի անճոռնի գորտ է։
– Գորտն ի՞նչ է ուզում քեզնից։
– Գիտե՞ս, հայրի՛կ… Երեկ անտառում ջրհորի մոտ խաղ էի անում, հանկարծ իմ ոսկե գնդակն ընկավ ջրհորը… Ես լաց էի լինում… Գորտը հանեց, ինձ տվեց ոսկե գնդակը… Եվ որովհետև նա դրա փոխարեն ուզում էր, որ ես անպատճառ իր խաղընկերը դառնայի, ես էլ խոստացա… Բայց մտքովս չէր անցնում, թե նա կկարենար իր ջրհորը թողնել… Ահա հիմա եկել է, կանգնած այնտեղ դռան հետևում, ուզում է գա ինձ մոտ։
Այնինչ գորտը ճանկռոտում է դուռն ու կանչում.
– Թագավորի փո՛քր աղջիկ,
Եկ դուռը բա՛ց դու կարգին,
Մի՞տդ է՝ երեկ ինչ խոսք տվիր
Պաղ ջրհորի եզերքին…
Թագավորի փոքր աղջի՛կ,
Ե՛կ դուռը բաց դու կարգին։
Թագավորն աղջկանն ասում է.
– Խոսք ես տվել, պետք է կատարես։ Գնա՛, դուռը բա՛ց արա։ Աղջիկը գնում է, դուռը բաց է անում։ Գորտը ներս է ցատկում, հո՛պ, հո՛պ ցատկելով հասնում է աթոռին ու կանչում է.
– Դե ինձ բարձրացրո՛ւ, դի՛ր քեզ մոտ։
Աղջիկը շատ է նեղվում, տատանվում է, բայց թագավորը պատվիրում է, որ գորտն ինչ որ ասում է՝ լսի։ Աղջիկը գորտին բարձրացնում է, դնում իր աթոռին։ Աթոռին է դնում է թե չէ, հիմի էլ ուզում է սեղանին բարձրանալ։ Դնում է սեղանին։ Հիմա էլ, ասում է, մո՛տ քաշիր քո ոսկե ամանը, որ միասին ուտենք: Ի՞նչ աներ խեղճ աղջիկը։ Սա էլ է կատարում։

Ուտում է պրծնում, հիմա էլ թե՝ կշտացա, քունս տանում է, ինձ տա՛ր քո սենյակը, մետաքսե անկողինդ պատրաստի՛ր, որ քեզ հետ միասին քնենք։
Այստեղ արդեն աղջիկը սկսում է լաց լինել։ Սառն ու լպրծուն գորտին դիպչելուց էլ զզվում էր ու սարսռում, հիմա պետք է տաներ իր գեղեցիկ ու մաքուր անկողնում իր հետ քնեցներ։ Չի ուզում, բայց հայրն ավելի է զայրանում։ Ասում է՝ չպետք է արհամարհես նրան, ով փորձանքի ժամանակ թանկ էր քեզ համար։ Ինչ խոստացել ես, պետք է կատարես։
Ճարահատված աղջիկը երկու մատով գորտի մեջքից բռնում է, տանում իր ննջարանն ու դնում անկյունում։ Բայց արի տե՛ս, որ գորտը սրանից էլ չի խրատվում։ Աղջիկը հենց անկողին է մտնում , ցատկելով մոտենում է, հատակին կանգնում ու ասում.
– Ես էլ եմ հոգնած, ես էլ եմ ուզում քնել, ինձ էլ պառկեցրո՛ւ քո կողքին…
Այնպես է ասում, որ աղջկա սիրտը շարժվում է, ժպտալով վերցնում է, դնում իր անկողնում։ Հենց դնում է, մեկ էլ էն է տեսնում է՝ գորտի կաշին տրաքեց, ու միջից դուրս եկավ մի գեղեցիկ երիտասարդ ։

Նա նստում է աղջկա կողքին ու պատմում , որ ինքը մի թագավորի տղա է եղել, չար կախարդը դարձրել է գորտ, այժմ աղջիկը իրեն հանեց ջրհորից ու վերադարձրեց իր մարդկային կերպարանքը։
Ուրախ-ուրախ վեր են կենում գնում թագավորի մոտ, պատմում են ամեն բան։ Թագավորն էլ է ուրա՛խանում: Մեծ հարսանիք է սարքում ու նրանց պսակում իրար հետ։

Հարսանիքից հետո նորապսակները պիտի գնային թագավորի տղայի հայրենիքը։ Առավոտը ծեգին դռանը կանգնում ութ ձիանի կառք, ձիերը՝ սպիտակ ջայլամի բարձր փետուրները գլխներին, ողջ սարքերը ոսկեղեն, իսկ կառքի հոտևում կանգնած է թագավորի տղայի հին ծառան՝ Հավատարիմ Օհանը։ Ու այսպես, իր Հավատարիմ Օհանը թիկունքին, ջահել կինը կողքին՝ թագավորի տղեն սլանում է դեպի հայրենիք։
Շատ են գնում, թե քիչ, մեկ էլ հանկարծ ճանապարհին ականջներով մի ձեն է ընկնում, թվում է, թե կառքի հետևում մի բան կոտրեց։ Թագավորի տղան շրջվում է ու կանչում.
– Ի՞նչ էր, Օհա՛ն, կա՞ռքը կոտրեց։
– Ո՛չ, ո՛չ, իմ տե՛ր, կառքը չէր,
Այլ երկաթե կապն իմ սրտի,
Որ տանջում էր անվերջ ինձ
Այն վշտալի օրվանից,
Երբ գորտ դարձած
Ապրում էիր ջոհորում։
Շարունակում են ճանապարհը։ Մի երկու անգամ էլ են նման ձայներ լսում: Ամեն անգամ էլ թվում է, թե կառքը կոտրվեց, բայց, իսկապես, Օհանի սրտի ծանր երկաթի կապանքներն էին խորտակվում ու ընկնում։ Այն օրվանից, ինչ իր տերը գորտ էր դարձել, Հավատարիմ Օհանը սաստիկ տխրել էր ու երեք պատ երկաթի կապով կապել էր իր սիրտը, որ տխրությունից չպայթեր։
Այժմ Հավատարիմ Օհանը երկուսին էլ նստեցրել էր կառքի մեջ, ինքը կանգնել նրանց թիկունքին և, տեսնելով իր երիտասարդ տիրոջը կախարդանքից ազատված ու բախտավոր, ուրախությունից սիրտը պար էր գալիս, ու իրար ետևից խորտակվում ընկնում էին սրտի ծանր կապանքները։

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով