booked.net  
  • 04 ապրիլ, 2020
    Քանի Նոր տարի են ունեցել հայերը

    Քանի Նոր տարի են ունեցել հայերը

    Ըստ մեզ հասած տվյալների, հայերն ունեցել են երեք Նոր տարի, որոնք կոչվել են Ամանոր, Նավասարդ կամ Կաղանդ: Մեր նախնիները վաղնջական ժամանակներում Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը: Դա տարեգլխի պատահական ընտրություն չէր: Հեռավոր ժամանակների հայ քրմերը իրենց բազմամյա դիտարկումներով նկատել են, որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին: Այդ օրն էլ հայ մարդը դարձրել է նոր տարի կամ նոր տարեգլուխ, և նշել այն ցնծալի տոնախմբությամբ, որով փառաբանել է բնության զարթոնքը, հողագործի աշխատանքը, աղերսել աստվածներին, որպիսի բերքառատ դարձնեն տարին: Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը): Ըստ ավանդության, Հայկ Աղեղնավորը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին և ազատություն պարգևել իր տոհմին ու իր բոլոր հետնորդներին: Այդ հաղթությունը ենթադրաբար տեղի է ունեցել մեր թվարկությունից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Միջնադարի նշանավոր տոմարագետ Հովհաննես Սարկավագը հավաստում է, որ եբրայերենի տոմարի հիմադիրը Մովսեսն է, իսկ հայկական տոմարի հիմնադիրը՝ Հայկը: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որ նշանակում է նոր տարի (նավ (նոր) + ա (հոդակապ) + սարդ (տարի): Նավասարդի ամենամեծ հանդիսությունը տեղի էր ունենում Արածանի գետի ափին, Նպատ լեռան փեշերին: Տոնախմբությանը ներկա էին լինում թագավորն ու թագուհին, նշանավոր արքունականներ, զորապետներ, նաև՝ հայկական բանակը: Այստեղ գալիս էին Հայաստանի համարյա բոլոր գավառներից: Բայց դա սոսկ հաճույք պատճառող տոնախմբություն չէր, դրա մեջ կար ազգային միասնության մեծ խորհուրդ: Տոնախմբությունը տևում էր մի քանի օր: Դրանցից մեկը կոչվում էր գինարբուքի օր: Այդ օրը մարդիկ խմում էին քաղցր հյութեր, թեթև խմիչքներ: Նավասարդի մեջ հարբեցողներ հազվադեպ են եղել: «Աստվածները ամենից շատ որոմ են թողնում հարբեցողի արտում»՝ ասում է հայկական հնագույն առածը: Այդ տոնի ժամանակ նույնիսկ ուտելիքն է չափավոր եղել: Իհարկե, ուտելիքի մի ընդհանրական ցանկ չի եղել, որ պարտադիր լիներ Հայաստանի բոլոր կողմերի բնակիչների համար: Չպետք է մոռանալ, որ Հայաստանը բազմակլիմա երկիր է եղել և նույնիսկ երկու իրար հարևան գավառներում նույն բերքն ու բարիքը չեն ստացել: Տարբեր գավառներում տարբեր ուտելիք են օգտագործել: Այնուամենայնիվ ուսումնասիրությունները հավաստում են, որ Նոր տարվա հայկական ուտելիքները ինչ-որ չափով միասնական են եղել, որով բնորոշվել է բոլոր հայկական գավառների Նոր տարվա տոնասեղանների ազգային բնույթը: Այդ սննդատեսակների մեջ առաջինը եղել է հայկական կլորահատիկ ցորենը, որն աճել է միայն Հայաստանում: Եվ Նոր տարվա սեղանին մեր նախնիները դրել են հենց այդ ցորենից պատրաստված հաց, որպեսզի հայոց հեթանոս աստվածները բարեբեր դարձնեն Նոր տարին: Երևի այդ հեռավոր ժամանակների հավատալիքի արդյունքն է հայկական ժողովրդական հին առածներից մեկը. «Նոր տարուն հաց չես փոխ առնում»: Ժամանակին այդ բառերը ընկալել են այսպես. Նոր տարվա սեղանին քո աճեցրած ցորենից թխած հացը պիտի դնես: Հայկական հնագույն առածներից մեկն էլ ասում է. «Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի՝ կուշանա»: Հնում նգածաղիկը եղել է ամենահռչակված հայկական  համեմունքը: Ախորժաբեր այդ ծաղիկն աճում էր Մասիսի լանջերին, այն քաղում և չորացնում էին Մասյացոտն ու Ճակատք գավառների հայերը և տարածում էին ողջ Հայաստանով մեկ: Եվ հայը, որ գավառում էլ ապրելիս լիներ, Նոր տարում ըմբոշխնում էր սքանչելի նգածաղիկը: Այդ սովորության մեջ էլ ազգային միասնության խորք կար: Նգածաղիկը բոլոր հայերին կապում էր Մասիսի հետ, ողջ ժողովուրդն իրեն կապված էր զգում Մասիսին, Միջնաշխարհին, այսինքն՝ հայրենիքի սրտին: 18-րդ դարում Սիմոն Երևանցի կաթողիկոսի տոմարով հունվարի 1-ը ընդունվեց որպես Նոր տարվա սկիզբ: Բայց մինչև այդ Հայաստանի տարբեր վայրերում և հայկական տարբեր գաղթավայրերում հայերն արդեն սկսել էին Նոր տարին նշել հունվարի 1-ին: Մենք փորձում ենք հայկական դիմագիծ տալ այդ տոնին, այն զուգել մեր հնամենի Նավասարդյան տոնի պաճուճանքներով, աշխատում ենք պահպանել բոլոր այն սննդատեսակներն ու ըմպելիքները, որոնք օգտագործել են մեր նախնիները ազգային Նոր տարին նշելիս: Հունվարի 1-ի ուտելիքների մեջ  մտնում են Ն տառով սկսվող մի քանի սննդամթերք. նգածաղիկ, նուռ, նաշիհ ալյուրից թխած հաց, նուշ և այլն: Ասենք, որ որպես տոնական կոչվող ուտելիք են ընտրել Ն սկզբնատառով, որպեսզի հարմարեցնեն տարվա անվանը՝ Նոր տարի, Նավասարդ:  

    bannerH1

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10 Կարդալ Նախորդը

    Մխիթար Գոշ` Առակներ 1-10

    Հայկական ժամանունները Կարդալ հաջորդը

    Հայկական ժամանունները

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: