booked.net  
  • 28 փետրվար, 2020
    Երեք արջի հեքիաթը

    Երեք արջի հեքիաթը

    Մի աղջիկ է լինում: Մի անգամ դուրս է գալիս իրենց տնից ու գնում անտառ մտնում։ Մոլորվում է անտառում, ճանապարհն է փնտրում՝ չի գտնում: Գալիս է դեմ առնում մի տնակի։ Դուռը բաց է անում։ Նայում է, տեսնում՝ տանը ոչ ոք չկա։ Ներս է մտնում։ Դու մի ասա, տնակում երեք արջ են ապրում՝ հայր արջը, մայր արջը և իրենց քոթոթը։ Նրանք անտառ գնացած են լինում։ Տնակը ունենում է երկու սենյակ՝ հյուրասենյակ ու ննջարան։ Աղջիկը մտնում է հյուրասենյակ: Տեսնում է՝ սեղանի վրա դրած երեք աման ապուր է դրված։ Առաջինը՝ հոր ամանը, մեծ է լինում, երկրորդը՝ մոր ամանը, միջակ, երրորդը՝ քոթոթի ամանը, փոքրիկ։ Ամեն ամանի մոտ էլ մի-մի գդալ է լինում դրած՝ մեծ, միջակ ու փոքր։ Աղջիկն առնում է մեծ գդալը, ուտում է մեծ ամանից, անհամ է լինում։ Վերցնում է միջակ գդալը, ուտում է միջակ ամանից, դուր չի գալի։ Վերցնում է փոքր գդալը, ուտում է փոքր ամանից։ Տեսնում է՝ փոքր ամանի ապուրը համով է։ Ուզում է նստել, տեսնում է երեք աթոռ` մեկը մեծ, մյուսը՝ միջակ, երրորդը՝ փոքր։ Բարձրանում է մեծ աթոռին՝ հարմար չէ։ Նստում է միջակ աթոռին՝ հարմար չէ։ Նստում է փոքր աթոռին, շատ հարմար է, քեֆը գալիս է ։ Վերցնում է փոքր ամանը, դնում ծնկներին ու սկսում փոքր գդալով ուտել։ Ուտում կշտանում է ու սկսում օրորվել աթոռի վրա։ Աթոռը կոտրվում է, աղջիկն ընկնում է։ Վեր է կենում հատակից , աթոռը բարձրացնում, հենում սեղանին ու մտնում մյուս սենյակ։ Մյուս սենյակում երեք մահճակալ է լինում՝ մեկը մեծ, մյուսը՝ միջակ, երրորդը՝ փոքր։ Պառկում է մեծ մահճակալի վրա, տեսնում է՝ շատ է լայն։ Միջակի վրա է պառկում, տեսնում է՝ շատ է բարձր։ Փոքրի վրա է պառկում, տեսնում է՝ հենց իրենն է որ կա: Ու քնում է։ Արջերը քաղցած վերադառնում են տուն , որ ճաշեն։

    Հայրը մոտենում է իր ամանին, նայում է ու զայրացած մրթմրթում. - Այս ո՞վ է կերել իմ ամանից։ Մայր արջն է նայում իր ամանին ու փնթփնթում. - Այս ո՞վ է կերել իմ ամանից։ Քոթոթն է նայում իր դատարկ ամանին ու տրտնջում . - Այս ո՞վ է կերել իմ ապուրը։

    Հայր արջը նայում է իր աթոռին ու զայրացած մրթմրթում. - Այս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել։ Մայր արջն է նայում իր աթոռին ու փնթփնթում. - Այս ո՞վ է նստել իմ աթոռին ու տեղից շարժել։ Քոթոթն է նայում իր կոտրած աթոռին ու տրտնջում . - Այս ո՞վ է նստել իմ աթոռին ու կոտրել։ Մտնում են մյուս սենյակ։ Հայր արջը նայում է իր մահճակալին ու զարհուրելի մրթմրթում. - Այս ո՞վ է պառկել իմ մահճակալին ու տրորել։ Մայր արջն է նայում իր մահճակալին ու փնթփնթում. - Այս ո՞վ է պառկել իմ մահճակալին ու տրորել։ Քոթոթն է նայում իր մահճակալին ու տրտնջում. - Այս ո՞վ է պառկել իմ մահճակալին։ Հանկարծ նկատում է աղջկան ու այնպես է ճղճղում, կարծես թե մորթում էին իրեն. - Սա ո՞վ է. գտել եմ. բռնե՛ք. վա՜յ ... բռնե՛ք։ Եվ ուզում է աղջկանը կծել։ Աղջիկը վախից վեր է թռչում, աչքերը բացում է, տեսնում՝ պառկած է իրենց տանը, իր ննջարանում։ Ու այս բոլորը երազ է եղել։    

    Եդեմական ծաղիկը Կարդալ Նախորդը

    Եդեմական ծաղիկը

    Փոքրիկ ձկնորսը Կարդալ հաջորդը

    Փոքրիկ ձկնորսը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: